Թուրքական ընդդիմության քարոզարշավը կկազմակերպի Օբամայի արշավն իրականացրած ընկերությունը
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը` «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP), պատրաստվում է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին:
Ermenihaber.am-ը հայտնում է, որ ԺՀԿ-ն պայմանագիր է կնքել ամերիկյան հայտնի «Benenson Strateji Group» ընկերության հետ` հիշեցնելով, որ հենց այս կազմակերպությունն է ժամանակին կազմակերպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավը:
«Benenson Strateji Group»-ը նշյալ կուսակցության վարկանիշի մասին իրականացված նախնական հարցումների արդյունքների հիման վրա կազմելու է ընդհանուր ռազմավարություն և ներկայացնելու է առաջարկությունների փաթեթ:
Սպասվում է հետաքրքիր ու արդյունավետ քարոզարշավ: Բացի հանրահավաքներից, որոնք նախատեսվում են անցկացվել երկրի 81 նահանգից 50-ում, ընդդիմադիր կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն անսպասելի այցեր կկատարի մարդկանց տներ, կմտնի շուկաներ, կհայտնվի հասարակական տրանսպորտում և այլն:
Նշենք, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ-TBMM) միապալատ խորհրդարան է՝ 550 անդամներով: Խորհրդարան անցնելու նվազագույն շեմը 10 տոկոս է: 2007թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում մեկ գումարման խորհրդարանի գործունեության ժամկետը 5-ից կրճատվեց 4 տարվա: Թուրքիայի ներկայիս 24-րդ գումարման ազգային մեծ ժողովն ունի միջխորհրդարանական բարեկամության խմբեր 118 պետությունների խորհրդարանների հետ: