Խորհրդարանական կառավարման տարբերակը ապագայի մոդել է. Վահրամ Բաղդասարյան
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, նշեց, որ խորհրդարանական կառավարման տարբերակը ապագայի մոդել է:
«Այս կառավարման ձևը, որը մենք հիմա ունենք, շատերը իրենց տարբեր դժգոհություններն են արտահայտել: Կարծում եմ, որ մենք պետք է հրաժարվենք միահեծան իշխանությունից»,- նշեց Վ.Բաղդասարյանը` հավելելով, որ այն քաղաքական ուժերը, որոնք հիմա ընդդիմադիր կեցվածքով հայտարարություններ են անում, նախկինում միշտ էլ նշել են այդ մոդելի անհրաժեշտության մասին, իսկ հիմա նրանք դեմ են արտահայտվում այդ փոփոխություններին:
Նրա խոսքերով` եթե այդ ուժերին հարցնես, թե ինչու են դեմ սահմանադրական փոփոխություններին, ապա կասեն` դեմ են, քանի որ ունեն թեկնածու և նա պետք է դառնա նախագահ:
Հարցին, թե կարծիք է հնչում, որ ՀՀ-ում կուսակցական համակարգը կայացած չէ, և անվտանգության խնդիր ունեցող երկրի պայմաններում այդքան էլ նպատակահարմար չէ խորհրդարանական կառավարման մոդելը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Իհարկե մտահոգություններ կան, և եթե Նախագահը մտահոգություններ չունենար, ապա ամիսներ առաջ հայեցակարգը գուցե արդեն ստորագրված լիներ։ Դրա համար քննարկումները շարունակվում են»:
Պատգամավորի խոսքերով` հայեցակարգը վերջնական տեսքի բերված չէ, դեռ բավականին փոփոխություններ, առաջարկություններ կլինեն:
Հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը չհրավիրեց որոշ քաղաքական ուժերի, Վ.Բաղդասարյանն ասաց, որ առաջին փուլում ՀՀ նախագահին հանդիպել են այն քաղաքական ուժերը, որոնք հանդիպելու ցանկություն են հայտնել:
Դիտարկմանը, թե ինչու Նախագահը չէր հրավիրել «Հայ ազգային կոնգրեսին» և արդյո՞ք ՀՀԿ-ի ճնշման ներքո չէր, որ ԲՀԿ-ն այս հարցի շուրջ փոխեց իր նախկին կարծիքը, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ «ՀԱԿ-ը միշտ հայտարարել է, որ այս կործանարար իշխանությունների հետ ոչ մի քննարկելու բան չունեն, հիմա ինչու՞ պետք է նման հայտարարություն անող քաղաքական ուժին ձևի համար հրավիրեն»:
«Ախր ՀԱԿ-ը բարդ է, այնտեղ տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ ունեն: Բայց «Կոնգրես» ասելով դուք ո՞ւմ եք հասկանում: Մենք պետք է առանձին հրավեր ուղարկեինք Փաշինյանի՞ն, Բագրատյանի՞ն, թե՞ Զուրաբյանին: Եթե իմանանք` ում ենք հրավեր ուղարկելու, ապա այդ ժամանակ կուղարկենք և կքննարկենք: Դրա համար մենք սպասում ենք, որ իրենք խնդրեն կամ առաջարկեն հանդիպում, այդ ժամանակ Նախագահը կմտածի, թե նրանցից ում հետ հանդիպի»,- ասաց Վ.Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա ըստ ՀՀԿ խմբակության ղեկավարի, նրանք ի սկզբանե խնդիր ունեին, քանի որ կուսակցության մեջ մարդիկ դեմ էին ընդդիմություն լինելուն, դրա համար հորինվեց մեկ այլ բան` այլընտրանք, ինչը, ըստ Վ.Բաղդասարյանի, քաղաքագիտական տեսանկյունից անհասկանալի է:
«Սահմանադրական փոփոխություններին դեմ լինելու ԲՀԿ-ի միակ պատճառը եղել է այն, որ նրանք ունեին նախագահի թեկնածու, և այս պահին մոդելի փոփոխություն չեն ուզում: Երբ հայտնի խորհրդակցություններից հետո նախկին առաջնորդը հասկացավ, որ քաղաքական դաշտում ինքն անելիք չունի ու հեռացավ, այդ ժամանակ ԲՀԿ-ն հասկացավ, որ կառավարման մոդելի փոփոխություն է պետք»,- ասաց Վ.Բաղդասարյանը:
Սակայն, ըստ նրա, դա քաղաքական գործելաոճ չէ, ստացվում է, որ եթե ունեն նախագահի թեկնածու, ապա պետք է «թքած ունենան ապագայի վրա» և ցանկանան մի քիչ էլ վայելել այդ մոդելը: