«100 դուռ». Յուրօրինակ ուխտագնացություն՝ դեպի հայկական եկեղեցիներ
Ի հիշատակ մեկուկես միլիոն զոհված հայերի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ռեժիսոր Խաչիկ Եղոյանը նախաձեռնել և իրականացնում է «100 դուռ» լուսանկարչական նախագիծը: Panorama.am-ի հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ նախագծի շրջանակում նկարելու են հայկական 100 եկեղեցու դուռ:
«Նախագծի ավարտից հետո կազմակերպելու ենք ցուցահանդես՝ ներկայացնելով լուսանկարները: Հետաքրքիր ուխտագնացություն կստացվի: Վստահ ենք, որ այցելուները ոչ միայն ուղղակի լուսանկարները դիտելու կգան, այլ նաև մեծամասնությունն այդ եկեղեցիների շեմով անցնելով՝ աղոթք կբարձրացնեն առ Աստված: Մեր նպատակը հենց դա է՝ ազգովի աղոթել, որ մի օր մեր արդարությունը հաղթի, հարևան պետությունն իր պապերի կողմից կատարված ոճրագործությունն ընդունի, ներողություն խնդրի ու նաև հատուցի»,- ասաց նախագծի հեղինակը:
Խ. Եղոյանը նշեց, որ նման նախագիծ անելու գաղափարը ծագել է դեռ 2012 թվականին, 2013-ին քննարկվել է, իսկ 2014 թվականից լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանի հետ սկսել են դրա իրականացումը: Արդեն լուսանկարել են 80 եկեղեցի: Առաջիկայում դեռ 20 եկեղեցի էլ կա, այդ թվում նաև Արցախում, Ջավախքում և Արևմտյան Հայաստանում:
«Ցավոք, Նախիջևան չենք կարող հասնել: Նման մասշտաբ ենք ընտրել՝ ցանկանալով ներկայացնել մեր պապերի երազած, պապերի ունեցած, բայց մի օր կորցրած, այնուհետև որոշ մասն ազատագրած մեր Հայաստանը»,- ասաց նա:
Եկեղեցիների դռները լուսանկարելուց բացի, ռեժիսոր Խ. Եղոյանն ու լուսանկարիչ Ռ. Մարտիրոսյանն իրականացրել են ֆլեշմոբ՝ «Մեր վերքերը դեռ բաց են» գրվածքով շապիկներով լուսանկարահանել իրենց մտերիմներին: Խ. Եղոյանն ասաց, որ արձագանքը բուռն եղավ, շատերը ցանկացան մասնակցել ֆլեշմոբին. «Սակայն հայտնվեցին խաբեբաներ, ովքեր օգտվելով առիթից, սկսեցին իրենք էլ նույն կարգախոսով շատիկներ արտադրել ու վաճառել՝ վերագրելով իրենց: Մենք էլ ստիպված նրանց դեմն առնելու համար որոշեցինք վաճառել վերնաշապիկներն ինքնարժեքով՝ 2400 դրամ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին