Մանկապարտեզներում պետք է սահմանել վերահսկողություն անորակ խաղալիքների նկատմամբ. Մասնագետ
Երեխաների համար նախատեսված պլաստիկե խաղալիքներում պարունակվող թունավոր նյութերը կարող են հանգեցենել փոքրիկների վաղաժամ հասունացման: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը՝ ընդգծեոլվ, որ երեխաների համար վաճառվող խաղալիքները, որոնք խաղալիս նրանք դնում են իրենց բերանը, պետք է անվտանգ նյութերից պատրաստված լինեն:
«Նման նյութերի հետ հաճախակի կոնտակտը, որոնք պարունակում են PVC նյութը, դրանք կարող են լինել պլաստիկե տարաները, պլաստիկե շշերը, կարող են բերել երեխաների վաղաժամ հասունացման», -նշեց մասնագետը:
Նկատենք, որ մասնագետի մատնանշած PVC-ն պոլիվինիքլորիդն է, որը թափանցիկ պլաստամասսա է:
Հատկապես դժվար է այն դեպքում, երբ երեխան ալերգիկ է. այդպիսի երեխաների համար փափուկ խաղալիքները ևս կարող են վտանգավոր լինել:
«Ցանկացած խաղալիք գնելուց հետո պետք է լվանալ և նոր օգտագործել»,-հիշեցրեց մանկաբույժը:
Անորակ խաղալիքների օգտագործման առումով անմասն չեն մանկապարտեզները: Բժշկի խոսքով, նախակրթարաններում պետք է սահմանել վերահսկողություն անորակ խաղալիքների նկատմամբ:
Մասնագետի խոսքով, խաղալիքը պետք է համապատասխանի երեխայի տարիքին: «Օրինակ ութ տարեկանի համար նախատեսված կոնստրուկտորները վտանգավոր են մեկ տարեկան երեխայի համար, քանի որ մանր բեկորները կուլ տալով, կարող են վնասել շնչուղիները»,-պնդեց մանկաբույժը։
Շուկայում խաղալիքների վաճառքի հարցում Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը կարևորում է սերտիֆիկատի գոյությունը, որի վրա գրված կլինի արտադրողի անունը և նյութը ինչից պատրաստված է այն: «Խաղալիքը առանց սերտեֆիկատի վաճառելը հանցանք է»,-ասաց Պողոսյանը՝ նկատելով, որ Հայաստան ներմուծված խաղալիքների մեծ մասը չինական արտադրության են: Ինչ վերաբերում է տեղական արտադրության խաղալիքներին, ապա Սպառողների միության նախագահի խոսքով, դրանք շատ քիչ են հանդիպում շուկայում:
«Այն խաղալիքներն էլ, որոնք լավ որակ ունեն, շատ թանկարժեք են, և ծնողները չեն կարող իրենց թույլ տալ նման թանկ խաղալիք գնել», -ասաց Պողոսյանը: