Ա. Սաղաթելյան. Պետք է հնարավորություն տանք թուրք հասարակությանը՝ առերեսվել սեփական պատմության հետ
Մարտի 18-20-ը Երևանը հյուրընկալել է «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա ֆորումի մասնակիցներին, որը միտված է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջազգային արձագանքը պատրաստելուն:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը նշեց, որ, ցավոք, աշխարհի տարբեր մասերում այսօր էլ կիրառվում են նույն մեթոդները, ինչ կիրառել է Օսմանյան Թուրքիան նախորդ դարասկզբին, և այս իմաստով չափազանց կարևոր է նման միջոցառումների անցկացումը, քանի որ լրատվամիջոցների դերը բարձր է ճշմարտության բացահայտման ու լուսաբանման գործում:
«Հասկանալի է, որ քանի դեռ տրված չէ պատշաճ իրավական և քաղաքական գնահատական ցեղասպանությանը, աշխարհը ապահովագրված չէ դրա կրկնությունից»,- ասաց Ա. Սաղաթելյանը:
Նաև նշեց, հայ-թուրքական սահմանը ֆորումի անցկացման վայրից տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա է, որը Եվրոպայի վերջին փակ սահմանն է, բայց Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի կառուցի տեղեկատվական պատնեշ ևս:
«Թուրքական իշխանությունները ենթադրում են, որ նման պատնեշներ կառուցելով՝ կարող են երես թեքել պատմությունից ու լռեցնել ցեղասպանության մասին խոսելը: Բայց չես կարող փոխել իրականությունը և պատմությունը, և մեր բոլորիս դերը կայանում է նրանում, որ հնարավորություն տանք թուրք հասարակությանը առերեսվել սեփական պատմության հետ»,- ասաց նա` ավելացնելով, որ Թուրքիան ոչնչացնում է արխիվներ, մտացածին փաստեր է հորինում՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, բայց տեսանելի է, որ վերջին տարիներին թուրք հասարակության մի մասը ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում սեփական պատմության վերաբերյալ:
Ելույթի վերջում Ա. Սաղաթելյանը հույս հայտնեց, որ հնարավոր է՝ ստեղծվի մի իրավիճակ, երբ հերթական ֆորումը անցկացվի Արարատի սահմանից այն կողմ. «Մեր նպատակը մեկն է` դառնալ ու դարձնել մեր մոտեցումները մեր գործընկերների համար հասկանալի, կանխատեսելի ու ընկալելի»: