ԵՄ հանձնակատար. Ղարաբաղյան հիմնախնդրում այս պահին առկա իրավիճակը գոհացուցիչ չէ
Ղարաբաղյան հիմնախնդրում այս պահին առկա իրավիճակը եվրոպական տեսանկյունից գոհացուցիչ չէ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:
«Եվրամիության համար ստուտուս քվոն անընդունելի է և հակամարտության խաղաղ հանգուցալուծումը մնում է կարևոր առաջնահերթություն : Իհարկե, միամիտ չեմ հեռանկարների առումով»,- ասաց նա:
Յոհանես Հանը նշեց, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցություններին, որոնք միտված են հակամարտության կարգավորմանը:
«Եվրամիությունը խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա երկխոսությունը, ներառյալ նախագահների մակարդակով, որը խիստ կարևոր է: Կարևոր է նաև խստագույնս հարգել հրադադարը, զսպվածություն դրսևորել գործողություններում և հայտարարություններում, ստեղծել միջավայր, որը բարենպաստ կլինի հակամարտության կարգավորման համար»,- իր խոսքում ասաց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը: