Պատմության ողբերգական դեպքերի ընդունումն առաջին հերթին անհրաժեշտ է հենց այն իրագործողին. Լեոնիդ Մլեչին
Պատմության հետ խնդիրներ ունեցող երկրի համար պատմական ճշմարտության ընդունումը դեպի առաջ շարժվելու գրավականներից մեկն է: «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի ընթացքում Panorama.am-ի հետ զրույցում նշեց Ռուսաստանի հանրային հեռուստաընկերության մեկնաբան, փորձագետ Լեոնիդ Մլեչինը:
Անդրադառնալով ռուսաստանյան ԶԼՄ-ներում Հայոց ցեղասպանության խնդրի լուսաբանմանը, ինչպես նաև ռուսաստանյան հանրության շրջանում խնդրի վերաբերյալ իրազեկվածությանը, ռուս լրագրողը նշեց, որ այժմ Ռուսաստանում այնպիսի իրավիճակ է, որ նոր սերունդը չգիտի անգամ սեփական երկրի պատմությունը:
Սակայն մեր զրուցակիցը շեշտեց, որ ռուսաստանյան հասարակական և լրագրողական շրջանակներում միշտ կլինեն անհատներ, որոնք որևէ կերպ չեն ընդունի այդ իրողությունը և կգործադրեն բոլոր հնարավոր ջանքերը` Հայոց ցեղասպանության նման ողբերգական և միևնույն ժամանակ կարևոր իրադարձության լուսաբանման գործում:
«Ես այստեղ եմ եկել մեծ թիմով, և մենք մանրամասն կներկայացնենք ու կլուսաբանենք բոլոր նրբությունները»,-նշեց Լեոնիդ Մլեչինը:
Անդրադառնալով Թուրքիայի կողմից ծավալվող հակաքարոզչությանը` ռուսաստանցի մեկնաբանն ասաց, որ լուրջ մասնագիտական և հասարակական շրջանակներում այն լայն ազդեցություն ունենալ չի կարող:
«Իհարկե, դեղին մամուլը միշտ եղել է և կլինի: Սակայն ես, ինչպես նաև իրազեկ այլ մարդիկ կարդում ենք լուրջ պարբերականներ, իսկ այնտեղ միշտ ներկայացնում են իրականությունը: Կարծում եմ` որևէ կասկած չկա, որ դա եղել է ցեղասպանություն»,- ընդգծեց Մլեչինը:
Ինչ վերաբերում է պաշտոնական Անկարայի` Գալիպոլի ճակատամարտի տարելիցը ապրիլի 24-ին նշելու որոշմանը, ապա ըստ ռուս մեկնաբանի` որքան շուտ Թուրքիան առերեսվի իր պատմության հետ, այնքան ավելի արագ կձերբազատվի անցյալի ծանրությունից և կընթանա առաջ:
«Ես վստահ եմ, որ պատմության ողբերգական դեպքերի ընդունումն առաջին հերթին անհրաժեշտ է հենց այն իրագործողին: Իհարկե, դա շատ դժվար քայլ է, սակայն նմանատիպ, եթե կարելի է ասել` ձերբազատումը առաջին հերթին նպաստում է այդ պետության առաջընթացին», - հավելեց Լեոնիդ Մլեչինը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան