Ձեզ չի մտահոգո՞ւմ, որ Իլհամ Ալիևը հավակնում է Եվրոպայի հիմնական դիկտատորի կարգավիճակին. Նաիրա Զոհրաբյանը՝ եվրոպացի հյուրերին
Այսօր Ազգային ժողովում առավոտյան շարունակվող «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի նիստում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը եվրոպացի հյուրերին մատնացույց է արել Ադրբեջանում տիրող իրավիճակը, երբ հարյուրավոր ակտիվիստներ են գտնվում անազատության մեջ:
«Դուք նշեցիք, որ Հարավային գազատարը անվտանգություն կբերի Ադրբեջանին, որ Եվրամիության համար մարդկային իրավունքներն ու ժողովրդավարությունը շարունակում են մնալ արժեքներ, բայց դուք չասացիք, թե ինչ վիճակ է տիրում Ադրբեջանում, թե ինչպես են հարյուրավոր ակտիվիստներ, լրագրողներ գտնվում բանտերում»,- դիմելով ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին՝ հայտարարեց Զոհրաբյանը:
Շարունակելով խոսքը, պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանի իշխանությունները բացարձակ արհամարհանք ունեն եվրոպական կառույցների կոչերի, հայտարարությունների նկատմամբ, որոնք խոսում են ժողովրդավարական արժեքների պահպանության մասին:
«Ձեզ չի մտահոգո՞ւմ, որ Ադրբեջանի իշխանությունը, Իլհամ Ալիևը հավակնում է Եվրոպայի հիմնական դիկտատորի կարգավիճակին»,-հետաքրքրվեց նա: