Ս. Սարգսյան. Հայաստանը՝ կապող օղակ ԵՏՄ-ի և արևմտյան երկրների գործարար համայնքների համար
«21-րդ դարում համաշխարհայնացման բուռն տեմպերի պայմաններում, երբ աշխարհը շարժվում է մեկ միասնական տարածքի ձևավորման ուղղությամբ, երբ կարծես թե պետությունների միջև տնտեսական սահմանները կորցնում են իրենց նշանակությունը, անիմաստ է դառնում խոսել տարբեր ինտեգրացիոն մոդելների հակադրման մասին: Այս առումով, մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Հայաստանը, անդամակցելով ԵՏՄ-ին, կարող է կապող օղակ հանդիսանալ այդ կառույցի երկրների և արևմտյան երկրների գործարար համայնքների համար»,- «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովում ունեցած ելույթում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «2015թ. հունվարից մենք դարձանք Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից եղել և շարունակում է մնալ տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացներին ակտիվ մասնակցությունը: 21-րդ դարում փոքր պետությունների համար համաշխարհային տնտեսության ներկայիս միտումներին հետևելու և այդ տնտեսությանը լիարժեքորեն ինտեգրվելու համար կարևոր դերակատարություն է վերապահված տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներին: Այս տեսանկյունից, հաշվի առնելով մեր երկրի տնտեսության ներկայիս կառուցվածքը, արտահանման աշխարհագրությունը, ԵՏՄ անդամ-պետությունների հետ ունեցած տնտեսական կապերը, ԵՏՄ անդամակցությունը լուրջ հեռանկարներ է բացում մեր երկրի զարգացման համար: Ապրանքների, կապիտալի, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժն առանց մաքսային խոչընդոտների էական հնարավորություններ է ընձեռում մեր գործարար շրջանակներին նորանոր շուկաներ բացահայտելու և այնտեղ իրենց դիրքերն ամրապնդելու համար: Այս ամենը բնականաբար կնպաստի ՀՀ-ում նոր աշխատատեղերի բացմանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների աճին և առհասարակ, մեր տնտեսության զարգացմանը:
Լինելով եվրոպական ընտանիքի և քաղաքակրթության լիարժեք անդամ և մեր զարգացման հիմքում կրելով եվրոպական արժեհամակարգի սկզբունքները՝ մենք գործուն ջանքեր ենք ներդնում ինչպես եվրոպական առանձին երկրների, այնպես էլ ԵՄ և մեր արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների խորացման գործում: ՀՀ-ԵՄ համագործակցությունը նշանավորվել է լուրջ ձեռքբերումներով, որը համատեղ ջանքերի, քաղաքական կամքի ու երկուստեք պատրաստակամության արդյունք է: Այս տարիների ընթացքում մեր երկխոսության մեջ կենտրոնական տեղ են զբաղեցրել նաև Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումները:
Մենք մտադիր ենք պահպանել այս ձեռքբերումները, ավելին՝ խորացնել և զարգացնել դրանք նորանոր նախաձեռնություններով: Այդ մասին է վկայում 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունը, որով վերահաստատվեց համապարփակ համագործակցությունը ավելի զարգացնելու և ամրապնդելու փոխադարձ հանձնառությունը: Ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ԵՄ-ի հետ մեր նոր իրավապայմանագրային հիմքը ձևավորելու ուղղությամբ»:
Նախորդող հրապարակումներ՝
«Մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգն օր օրի ընդլայնվում է՝ իր մեջ ներառելով նոր գործընկերներ»
«Ադրբեջանի սպառնալիքներից և սադրանքներից անկախ՝ պատմության անիվն այսօր անհնարին է հետ շրջել»
ՀՀ նախագահ. Մենք կցանկայինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչել նաև թուրք ժողովրդի հետ միասին
ՀՀ նախագահ.Ազատ մամուլը ևս անկախության տարիների մեր կարևոր նվաճումներից է
«Այս համաժողովը նաև յուրօրինակ հարթակ է առավել հանգամանալից ներկայացնելու Հայաստանի ձեռքբերումները»
Սերժ Սարգսյան. Այն ժողովուրդները, ում համար պատմությունը բեռ է, չեն կարող հետ նայել
Ա. Սաղաթելյան. Պետք է հնարավորություն տանք թուրք հասարակությանը՝ առերեսվել սեփական պատմության հետ
Վիգեն Սարգսյան. Միջազգային պայքար պետք է ծավալել մարդկության դեմ հանցագործության՝ ցեղասպանության դեմ