«Այս համաժողովը նաև յուրօրինակ հարթակ է առավել հանգամանալից ներկայացնելու Հայաստանի ձեռքբերումները»
«Մեր օրերում լրատվամիջոցները համամարդկային արժեքները տարածելու, դրանց ոտնահարման դեմ պայքարելու և միջազգային հանրությանը համախմբելու հսկայական ներուժ ունեն: Այսօր մեկ հարկի տակ է հավաքվել միջազգային լրատվամիջոցների խիստ ներկայացուցչական մի կազմ, որն արդեն իսկ ձևավորել է Հայոց ցեղասպանությանն առնչվող քննարկումների արդյունավետ մեդիա հարթակ՝ միտված ևս մեկ անգամ վեր հանելու 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկի հետ կապված իրողությունները»,-«Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովում ունեցած ելույթում ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ողջունելով մասնակիցներին այս կարևոր և մասշտաբային միջոցառման շրջանակներում:
«Աշխարհի տարբեր անկյուններից 150 անվանի լրագրողների ներկայությունն արդեն իսկ խոսում է այս համաժողովի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության, ինչպես նաև Հայաստանի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին: Հուսով եմ, որ «Արարատի ստորոտին» գեղեցիկ խորագիրը կրող համաժողովի մասնակիցներդ աշխատանքից բացի հնարավորություն կունենաք ծանոթանալու հայկական մշակույթին և խոհանոցին, հմայվելու բիբլիական Արարատ լեռան հիասքանչ տեսարանով:
Այս համաժողովը, ինչու չէ, նաև յուրօրինակ հարթակ է առավել հանգամանալից և համակողմանի ներկայացնելու տարբեր ոլորտներում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներն ու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները»,- իր խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: