Կարեն Շեբեշի. Ռումինացի ժողովուրդը որևէ կասկած չունի, որ 20-րդ դարի սկզբին կատարվածը ցեղասպանություն էր
Ռումինացի ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ է կատարվել հայ ժողովրդի հետ 20-րդ դարի սկբին և որևէ կասկած չունի, որ կատարվածը ցեղասպանություն է: Երևանում անցկացվող եռօրյա «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի ընթացքում Panorama.am-ի հետ զրույցում նշեց Ռումինիայի ազգային հեռուստատեսության մեկնաբան հայկական արմատներ ունեցող Կարեն Շեբեշին:
«Ցավոք սրտի Ռումինիան ներկայում պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն բոլոր այն մարդիկ ում հետ ես զրուցել եմ որևէ կասկած չունեն, թե ինչ է իրականում կատարվել հայ ժողովրդի հետ: Մենք բոլորս գիտենք, որ կատարվածը ցեղասպանություն է»,- նշեց ռումինացի լրագրողը:
Կարեն Շեբեշին Panorama.am-ի թղթակցին պատմեց, որ իր մայրը հայ է և մորական կողմից իր նախնիները բնակվել են Ադրբեջանի Լենքորան քաղաքում, որտեղից նրա պապիկը տեղափոխվել է Թբիլիսի, ապա Ռումինիա: Նշեց, որ ինքը հանգամանորեն զբաղվում է Հայոց ցեղասպանության խնդրի լուսաբանմամբ և այդ առումով տեսնում է թե ռումինական հասարակության իրական վերաբերմունքը հարցին և թե պաշտոնական դիրքորոշման նկատմամբ վերաբերմունքը:
Անդրադառնալով Թուրքիայի ժխտողական քաղաքականության ազդեցությանը` Կարեն Շեբեշին ասաց, որ գլխավոր դերը այստեղ վերապահված է փողին, այն դեպքում, երբ բոլորն էլ հասկանում են դեպքերի իրական վիճակը:
Բանախոսը նշեց, որ ազգային խտրականության նկատմամբ հակումը թուրքերի մեջից դուրս չի եկել նաև հիմա և այդ առումով ներկայացրեց իր հետ կատարվածը:
«Կլուժ քաղաքում, որտեղ ես աշխատում եմ, բացվել էր թուրքական ռեստորան, երբ ռեստորանի տերերը իմացան, որ ես հայ եմ ինձ դուրս արեցին ռեստորանից: Ես նրանց ասեցի, որ ի տարբերություն իրենց, ես գտնվում եմ տանը, իսկ իրենք այստեղ հյուր են»,- պատմեց մեր զրուցակիցը` նշելով, որ դրանից հետո «կրկեսից խուսափելու համար պարզապես դուրս է եկել շենքից»:
Անդրադառնալով Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը ապրիլի 24-ին նշելու Թուրքիայի որոշմանը Կարեն Շեբեշին հեգնանքով նկատեց, որ անգամ Կաֆկայի մտքով նման բան չէր անցնի:
«Սա խեղկատակություն է: Բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, որ այդ օրը Գալիպոլիի հետ ոչ մի աղերս չունի: Անգամ ռազմական գործողություններն են սկսվել ապրիլի 25-ին»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան