Սերժ Սարգսյան. Այն ժողովուրդները, ում համար պատմությունը բեռ է, չեն կարող հետ նայել
«Պատմությամբ չապրելու թեզի հեղինակները այն մարդիկ ու այն ժողովուրդներն են, որոնք իրենց անցյալում պարծենալու ոչինչ չունեն»,-այսօր մեկնարկած «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի շրջանակներում իր ելույթից հետո կայացած հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այդ թեզի հեղինակները այն մարդիկ են կամ ներկայացնում են այն ժողովուրդներին, որոնք իրենց անցյալում պարծենալու բան չունեն: Մենք չենք կարող հետ չնայել, որովհետև մենք չենք կարող չսերտել պատմության դասերը: Բոլոր նրանք, ովքեր չեն սերտում պատմության դասերը, փորփրում են պատմությունը: Պատմությունը փորփրելը վատ բան է, բայց պատմություն իմանալը և հետևություններ անելը, կարծում եմ, չափազանց օգտակար հանգամանք է»,- նշեց ՀՀ նախագահը:
Երկրի ղեկավարի խոսքերով` հայ ժողովուրդը հպարտանում է իր պատմությամբ`չնայած այն հանգամանքին, որ պատմության ընթացքում ունեցել է բազմաթիվ ձախողումներ:
«Միևնույն ժամանակ մենք նաև ունեցել ենք ձեռքբերումներ: Պատմության ճանապարհին են մնացել ժողովուրդներ, որոնք թվային, տարածքային և տնտեսական հնարավորություններով գերազանցել են մեզ, բայց մենք հասել ենք 21-րդ դար և ունենք մեր պետականությունը: Մենք հպարտանում ենք մեր պատմությամբ, պատմությունը բեռ չէ մեզ համար: Այո՛, այն ժողովուրդները, ում համար պատմությունը բեռ է, չեն կարող հետ նայել, որովհետև հետ նայելով լավ բան չեն տեսնում: Ես որևէ վերապահում չունեմ որևէ ժողովրդի նկատմամբ: Հայ ժողովրդի համար, ինձ համար, մեր հասարակության ճնշող մեծամասնության համար թշնամի ժողովուրդ չկա, բայց կան մարդիկ, ովքեր հնարում են այդպիսի եզրույթներ: Ես երբեք անցյալով չեմ ապրել, ես ապրում եմ ներկայով, միգուցե`ավելի շատ ապագայով»,-նշեց ՀՀ նախագահը` հավելելով, որ այնուամենայնիվ մեր հիմքը պատմությունն է, որովհետև առանց պատմության առաջ շարժվել չենք կարող:
Նախորդիվ`
Ա. Սաղաթելյան. Պետք է հնարավորություն տանք թուրք հասարակությանը՝ առերեսվել սեփական պատմության հետ
Վիգեն Սարգսյան. Միջազգային պայքար պետք է ծավալել մարդկության դեմ հանցագործության՝ ցեղասպանության դեմ