ԼՂ հակամարտության հարցում Հայաստանն ու Արցախը բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են. Շարմազանով
Բալթյան բոլոր երեք հանրապետություններն էլ կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգայի ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` ներկայացնելով Բալթյան երկրներ պաշտոնական այցի մանրամասները:
Հիշեցնենք, որ Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի, Լատվիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Անդրեյ Կլեմենտևի և Լիտվայի Հանրապետության խորհրդարանի Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Դանգուտե Միկուտենեի հրավերներով մարտի 11-17-ը պաշտոնական հրավերով Է.Շարմազանովը գտնվում էր Բալթյան երկրներում:
«Պետք է նշեմ, որ այդ երկրները կարևորում են Հայաստանի տեղն ու դերը աշխարհաքաղաքական զարգացումներում, միևնույն ժամանակ նրանք ըմբռնումով են մոտենում Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Նրանք միակարծիք են այն հարցում, որ Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունները պետք է շարունակվեն»,- ասաց Է.Շարմազանովը:
Հանդիպումների ժամանակ հայկական կողմը իր հերթին նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին բխում է իր շահերից:
«Միևնույն ժամանակ Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ մեկ անգամ ևս փաստեցինք, որ Հայաստանը պատրաստ է եվրոպական կառույցների հետ հարաբերությունները շարունակելուն»,- ընդգծեց Է.Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակը նշեց նաև, որ անդրադարձել են ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին:
«Նրանք ԵՄ անդամ երկիր են ու ունեն դերակատարում տարածաշրջանում: Նրանց հետաքրքրում էր առհասարական հետխորհրդային տարածաշրջանում կոնֆլիկտների լուծման ճանապահը»,- ասաց Է.Շարմազանովը` հավելելով, որ նրանց է փոխանցել թե՛ պաշտոնական Երևանի, թե՛ Ստեփանակերտի դիրքորոշումն այն մասին, որ ԼՂ հակամարտության հարցում կողմերը բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են և այլ կարգավորում չեն պատկերացնում:
«Միևնույն ժամանակ տեղեկացրեցինք, որ Ադրբեջանի ղեկավարությունն արհամարում է երեք սկզբունքներից առնվազն երկուսը` ինքորոշման իրավունքի իրացումն ու խաղաղ կարգավորումը»,- նշեց Շարմազանովը:
Հանդիպման ընթացքում նա նաև հայտնել է, որ ԼՂ անկախության ճանաչմանն այլընտրանք չկա, քանի որ այն կառուցում է ժողովրդավարական պետություն:
Է.Շարմազանովը Բալթյան երկրների իր գործընկերներին նաև առաջարկվել է այցելեն Արցախ` մասնակցելու մայիսին Լեռնային Ղարաբաղում կայանալիք ընտրություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան