Վիգեն Սարգսյան. Միջազգային պայքար պետք է ծավալել մարդկության դեմ հանցագործության՝ ցեղասպանության դեմ
Միջազգային պայքար պետք է ծավալել մարդկության դեմ հանցագործության՝ ցեղասպանության դեմ: Մենք ցեղասպանության մասին խոսում ենք ոչ թե այն պատճառով, որ հաճելի է մեզ, այլ որպես ազգ, որ վերապրել է ցեղասպանությունը, օգնել միջազգային հանրությանը` պահել հարցը ուշադրության կենտրոնում: Ելույթ ունենալով այսօր Երևանում մեկնարկած «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա ֆորումին` նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ այսօրվա Թուրքիան շարունակում է ժխտել հարյուր տարի առաջ կատարված հանցագործությունը: Դա թշնամական քաղաքականություն է, որը Թուրքիան ցուցադրում է միջազգային բոլոր կազմակերպություններում և պաշտպանում բոլոր հակահայկական նախաձեռնությունները, որ իրականացնում է Ադրբեջանը:
«Ցեղասպանության չընդունելը և ուրանալը ցեղասպանության վերջին փուլն է: Վերջին տարիներին Թուրքիան բացահայտ շարունակում է իր նախորդներից ժառանգած նեոիմպերիալիզմի քաղաքականությունը: Թուրքիան թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի հանդեպ: Պետական սահմանը փակ է, դա վերջին փակ սահմանն է Եվրոպայում: Սահմանի փակ մնալը գնալով ավելի է ամրապնդվում, ու այդ քաղաքականությունն ունի հիմնավորում՝ ստեղծել տնտեսական դժվարություններ Հայաստանի համար, որ ավելի զիջողական դառնա ԼՂՀ հարցում: Իհարկե, սա այլ թեմա է և կապ չունի Ցեղասպանության հետ»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Անդրադառնալով այս համատեքստում հայ-թուրքական հարաբերություններին` Վ. Սարգսյանը շեշետեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը երբեք նախապայմաններ չի դրել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման համար:
Վիգեն Սարգսյանի խոսքով` ցեղասպանության 100-րդ տարելիցը նաև վերապրումի ժամանակ էր, վերածնունդի հարյուրամյակ, քանի որ վիշտն ու հիասթափությունը օգնեցին ոտքի կանգնել, վերագտնել պետականությունը ու շարունակել ապրել որպես ազգ:
«Այսօր պատմության կրկնություն ենք տեսնում Մերձավոր Արևելքում և այլ տեղերում, որովհետև դեռ կան մարդիկ, որոնք մտածում են, որ եթե չլինեն տվյալ մարդիկ, տվյալ ազգությունը իրենց խնդիրները կլուծվեն, ու զենքը դառնում է քաղաքականության գործիք: Մենք պարտավոր ենք հնչեցնել զանգերը, քանի որ պատմությունը կարող է կրկնվել նաև մեզ մոտ: Բոլորը հիշում են Հիտլերի խոսքերը՝ ուղղված իր սպայական անձնակազմին. «Ո՞վ է հիշում Հայոց ցեղասպանության մասին»: Սա ապացուցում է, թե ինչու է կարևոր հանցագործության պատժումը ապագայի տեսանկյունից»,- նշեց Վ. Սարգսյանը: