«Al-Hayat»-ի թղթակցի հարցը՝ նախագահին. Հայաստանն ինտենսիվ աշխատում է արաբական երկրների հետ
Մարտի 18-ից 20-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի շրջանակներում արտասահմանցի լրագրողները բազմաթիվ հարցեր են ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Panorama.am-ը ներկայացնում է ռուսական արաբական «Al-Hayat» թերթի թղթակից Ռաիդ Վաժե Իբրահիմ Ջաբերի հարցն ու նախագահ Սարգսյանի պատասխանն՝ ամբողջությամբ:
-Արաբական երկրներում մանավանդ Սիրիայում տիրող իրավիճակն ինչպե՞ս է ազդել Հայաստանի տնտեսության վրա: Եվ երկրորդ հարցը . Դուք նշեցիք, որ կան ակտիվ ներդրումային ծրագրեր: Դրանց թվում կա՞ն այնպիսիք, որոնք կգրավեն հենց արաբական ներդրողների ուշադրությունը:
-Այո, իհարկե: Աշխարհի զարգացման այս ժամանակահատվածում, երևի, ամենակարևոր հանգամանքներից մեկը լավ ծրագրերի առկայությունն է, և մենք այդպիսի ծրագրեր ունենք մեր գյուղատնտեսության ոլորտում, այդպիսի ծրագրեր ունենք զբոսաշրջության ոլորտում, ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում, անշարժ գույքի և այլ ոլորտներում:
Մենք ինտենսիվ աշխատում ենք արաբական երկրների հետ: 1-2 օր առաջ է մեր վարչապետը վերադարձել Քուվեյթից և Եգիպտոսից: Մինչ այդ մեզ մոտ էին Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչները, և մենք միջպետական հանձնաժողովների ակտիվացման ճանապարհով, անպայման, մոտ ժամանակներս կհասնենք շոշափելի արդյունքների: Սա մեզ համար էական նշանակություն ունի:
Էական նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ մենք անդամակցել ենք ԵՏՄ-ին, և այն մեծ խոչընդոտը, որը Հայաստանի տնտեսությունն ուներ կամ, ավելի ճիշտ, այն մեծ խոչընդոտներից մեկը՝ շուկայի փոքրությունը, որը Հայաստանի տնտեսությունն ուներ, այդ անդամակցմամբ մենք, կարծես թե, լուծել ենք: Այսինքն, Հայաստանը շատ հանգիստ կարող է լինել մի վայր, որտեղ կարելի է արտադրել և ապրանքային քանակներ մատակարարել ԵՏՄ անդամ այլ երկրներ: Մենք ավիացիայի ոլորտում որդեգրել ենք, եթե չեմ սխալվում, հինգերորդ աստիճանի ազատական քաղաքականությունը: Համենայն դեպս, մեր օդային տարածքն ամբողջովին ազատ է, և ուրախ եմ, որ վերջին ամիսների ընթացքում արաբական երկրներից արդեն չորս նոր չվերթներ են հաստատվել, այսինքն, շփումներն ինտենսիվացել են:
Անշուշտ, իրադարձությունները Մերձավոր Արևելքում մեծ ազդեցություն ունեն Հայաստանի վրա` ոչ միայն այն պատճառով, որ անկայունությունն ընդհանրապես խաթարում է տնտեսական զարգացումը, այլ կոնկրետ այն պատճառով, որ մենք և՛ Սիրիայում, և՛ Իրաքում, հատկապես Սիրիայում և Լիբանանում, ունենք հոծ հայկական համայնք, և մեզ համար միանշանակ չէ, թե այնտեղ ինչ է կատարվում: Մենք, ինչպես ասացի, Հայաստանում ընդունել ենք 10.000 փախստական` միայն Սիրիայից, և Հայաստանի պես փոքր երկրի համար 10.000 -ը լուրջ քանակ է, իրոք, մեծ է:
Բայց կա նաև մեկ այլ բարդ երևույթ. Մերձավոր Արևելքում, ցավոք սրտի, ոչնչացվում են այն մշակութային արժեքները, որոնք մեր ժողովուրդն իր արաբ բարեկամների հետ ստեղծել է դարեր շարունակ: Մեզ համար շատ ցավալի է: Մեզ համար անչափ ցավալի է, որ Դեր Զորում ահաբեկիչները պայթեցրին, ոչնչացրին Սրբոց Նահատակաց եկեղեցին, որտեղ պահվում էին Ցեղասպանության զոհերի մասունքները: Եվ ընդհանրապես, այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, շատ սարսափելի է: Այդ մարդիկ էթնիկական զտումներ են կատարում, ցեղասպանություն են իրագործում և, որպես զուգահեռ մի երևույթ, ոչնչացնում են պատմամշակութային արժեքները: Դա փորձ է ջնջելու մարդկային հիշողությունը: Դա սարսափելի է ուղղակի:
Նախորդող հրապարակումներ՝
Թուրք լրագրողի հարցը նախագահին. Ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք համարել Թուրքիայի հետ հարաբերություններում(վիդեո)
Ռուս լրագրողի հարցը նախագահին. Հայաստանում տեսանելի չէ որևէ քաղաքական ուժ, որը փորձում է խաթարել հայ-ռուսական հարաբերությունները
Բելառուս լրագրողի հարցը նախագահին. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կնպաստի ապրանքաշրջանառության ցուցանիշի աճին (տեսանյութ)
Գերմանացի լրագրողի հարցը՝ նախագահին. Գերմանիայի հորդորը թուրքերին կլինի մի ժողովրդի հորդոր, որն այդ դժվար ճանապարհն անցել է
Իտալացի լրագրողի հարցը՝ Սերժ Սարգսյանին. Վերջին տարիներին հայ-իտալական տնտեսական համագործակցությունն ամրապնդվել է (տեսանյութ)
Ֆրանսիացի լրագրողի հարցը՝ նախագահին. ԵՏՄ-ին անդամակցնելու որոշումը կայացվել է ելնելով զուտ պրագմատիկ հաշվարկներից (տեսանյութ)
Ռուս լրագրողի հարցը՝ նախագահին. Հայկական բանակը մարտունակ է և պատրաստ է դիմակայելու ցանկացած ոտնձգության (տեսանյութ)