էությանը նայեք, ոչ թե անձերին. Կարեն Ճշմարիտյանը` ՀԷՑ-ի վաճառքի մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, թե ճիշտ են մամուլում շրջանառվող լուրերը, ըստ որի` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գնել է «Տաշիր գրուպ»-ը, նախարարն ասաց, որ դրանից տեղյակ չէ:
«Կարող է և տեղի չի ունեցել, չեմ կարող ասել»,- ասաց նա:
Նախարարի խոսքերով` եթե ինչ-որ բան վաճառվեր, տեղեկություն կլիներ, իրենք կիմանային: «Որևէ ընկերություն, եթե իր բաժնետոմսերը վաճառում է, հրապարակային է անում կամ ոչ հրապարակային, դրա մասին բոլորս տեղեկանում ենք: Այսինքն՝ էստեղ ոչ ոք ոչ մի բան թաքցնելու կարիք չունի»,- ընդգծեց էկոնոմիկայի նախարարը:
Նա միաժամանակ նշեց, որ բացարձակ նշանակություն չունի, թե այս կամ այն կրպակի, գործարանի սեփականատերն ով է, պետք է նայել դրա էությանը` ինչ է անում, ինչքան է արտադրում, ինչով կարող ենք աջակցել և այլն:
«Այստեղ ես ձեր բոլորի աջակցությունն եմ փնտրում, որպեսզի էությանը նայենք, ոչ թե անձերին, մի անձնավորեք, դա մեզ բոլորիս ավելի ձեռնտու է»,- խորհուրդ տվեց Կարեն Ճշմարիտյանը: