Փորձագետ. Ադրբեջանի պաշտոնյաները յուրացնում են տեղահանված անձանց համար նախատեսված գումարները
Ադրբեջանում ներքին միգրացիայի գործընթացը կարգավորված չէ, ինչի հետևանքով բնակչության 35-40 տոկոսը գրանցված չէ բնակության վայրում: Սա վկայում է այն մասին, որ տվյալ բնագավառում առկա են բազում լուրջ խնդիրներ, և պաշտոնական վիճակագրությունը ոչ մի կերպ չի արտացոլում իրականությունը: Ադրբեջանում ներքին միգրացիայի հետ կապված իրավիճակը, բնակչության քանակի մասին հստակ տվյալների բացակայությունը, կոռուպցիան այս բնագավառում իրենց հերթին հանգեցնում են ընտրացուցակներում կեղծումների ու անհստակությունների: Այս մասին, ինչպես գրում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը, Modern.az կայքի հետ զրույցում հայտարարել է ներքին միգրացիայի ոլորտում փորձագետ Ալովսաթ Ալիևը:
Նրա խոսքերով՝ ներքին միգրացիայի հիմնական պատճառներից մեկն Ադրբեջանի շրջաններում տնտեսական բարդ իրավիճակն է, ինչն էլ հարկադրում է մարդկանց հաստատվել խոշոր քաղաքներում, հիմնականում՝ Բաքվում՝ ապրուստի միջոց վաստակելու նպատակով: Փորձագետը հավաստիացնում է, որ տվյալ գործընթացը սկսվել է 2004-ին ու շարունակվում է մինչ օրս:
Համաձայն փորձագետի խոսքերի՝ այս գործընթացում կարևոր է նաև պետական պաշտոնյաների դիրքորոշումը. վերջիններս անընդհատ պնդում են, թե ներքին տեղահանված անձինք չեն կարողանում ինտեգրվել բնակության նոր վայրերում՝ պահանջելով նրանց համար ավելի մեծ օգնություն: Սակայն, իրական պատկերը ցույց է տալիս, որ պաշտոնյաներն այդ հարցն օգտագործում են իրենց շահերի համար՝ յուրացնելով պետբյուջեի գումարները:
«Հենց այդ պատճառով էլ մենք մինչ օրս չունենք տեղահանված անձանց կենտրոնացված տվյալների բազա: Շատ դեպքերում այդ մարդիկ գրանցված չեն այն տներում, որ իրենք են սեփական ձեռքերով կառուցել ապօրինի ճանապարհով: Հարյուրավոր ընտանիքներ բնակվում են Եվրոպայի երկրներում՝ ունենալով փախստականի կարգավիճակ, սակայն շարունակում են մնալ տեղահանված անձանց ցուցակներում, իսկ Նավթային հիմնադրամից նրանց հատկացված գումարները յուրացնում են չինովնիկները»,- տարակուսում է փորձագետը:
Ինչպես նշում է փորձագետը, ներքին միգրացիային նպաստում են էկոլոգիական վատ վիճակը շրջակա միջավայրում, կենսական նորմալ պայմանների բացակայությունը (տներ՝ առանց ջեռուցման, խմելու մաքուր ջրի պակաս, գյուղատնտեսական վարելահողերի ու գյուղատնտեսական տեխնիկայի կարիքը) Ադրբեջանի շրջաններում: