Հայաստանը չի մասնակցի «Միլան Էքսպո-2015» համաշխարհային ցուցահանդեսին
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար չի համարում Միլան քաղաքում կայանալիք «Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար» խորագրով «Միլան Էքսպո-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի պաշտոնական մասնակցությունը:
Ինչպես ՀՀ կառավարության նիստում նշեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, 2015 թվականին կհիշատակվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և այդ կապակցությամբ նախատեսված է մի շարք բացառիկ միջոցառումների կազմակերպում, որոնց շրջանակներում ակնկալվում է արտասահմանյան հյուրերի մեծ հոսք:
Ծրագրավորվածից ավելի արտասահմանյան տարբեր պատվիրակությունների այցերի և մասշտաբային միջոցառումների պատշաճ կազմակերպումը կպահանջի մարդկային և ֆինանսական զգալի ռեսուսների ներգրավում:
Կ.Ճշմարիտյանի խոսքերով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում հիմնական տնտեսական իրադարձություններից կլինի ապրիլի 26-28-ը նախատեսվող «Made in Armenia» խորագրով համաժողովը և հայկական արտադրության ապրանքների խոշոր ցուցահանդեսի անցկացումը, որը նույնպես կպահանջի լուրջ մարդկային և ֆինանսական ներդրումներ:
Միաժամանակ, վերոնշյալ միջոցառումների պատշաճ կազմակերպմամբ կապահովվի Հայաստանի ներկայացվածությունը համաշխարհային հանրությանը:
Այսպիսով ՀՀ կառավարությունը 2012 թվականի հուլիսի 4-ի ««Էքսպո Միլան-2015» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» որոշումն ուժը կորցրած ճանաչեց: