Հայաստանին միշտ էլ մտահոգել է, որ ՌԴ-ն Ադրբեջանին զենք է վաճառում. Գ. Մելիքյան
Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը միշտ էլ մտահոգել է Հայաստանին և ցանկացած ձևով, ցանկացած քննարկման ժամանակ մշտապես բարձրաձայնվել է այդ մասին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ խոսելով նախօրեին «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի «Московский Комсомолец» թերթի քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Մինկինի՝ ՀՀ նախագահին ուղղված հարցի և պատասխանի մասին:
Լրագրողը հարցրել էր. «Սեղծվել է մի իրավիճակ, երբ ձեր դաշնակից Ռուսաստանը զենք է վաճառում ձեր, ցավոք սրտի, գլխավոր, չեմ ուզում ասել՝ թշնամուն, բայց դա շատ մոտ է դրան, որովհետև այնտեղ գրեթե պատերազմական դրություն է Ղարաբաղի հետ: Եվ այսպես, ի՞նչ կարող եք», ՀՀ նախագահն էլ ասել էր, որ՝ «իհարկե, այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը, ելնելով տարբեր դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին»:
«Նախագահի երեկվա խոսքն, իրոք, աննախադեպ էր և այն առումով, որ պետք է այդ փաստը մտահոգի ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ադրբեջանին զենք վաճառող երկրին»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նա կրկնեց նախագահի այն միտքը, որ խնդիրն այն է, որ մեր սահմանին կամ շփման գծում կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով
«Մեր գործողություններով պետք է հասնենք նրան, որ որքան հնարավոր է տարբեր երկրներ քիչ զենք վաճառեն հատկապես մեզ թշնամաբար տրամադրված երկրներին»,- ասաց Գ. Մելիքյանը: