Հույն լրագրողի հարցը նախագահին. Իրան-Հայաստան-Հունաստան դաշինքը որոշ ժամանակ անց, հնարավոր է, այժմեական դառնա (տեսանյութ)
Մարտի 18-ից 20-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի շրջանակներում արտասահմանցի լրագրողները բազմաթիվ հարցեր են ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Panorama.am-ը ներկայացնում է հունական «Greek Media»-ի թղթակից Կարիպիդիս Իսահակի հարցն ու նախագահ Սարգսյանի պատասխանն՝ ամբողջությամբ:
-Պարոն նախագահ, այսօր Եվրոպայում մեծ բանավեճ կա Ռուսաստանի վերաբերյալ: Կան մարդիկ, ովքեր հավատում են, որ պետք է գնալ պատժամիջոցները ավելացնելու ուղղությամբ, որպեսզի, ինչպես նրանք են ասում, կանխեն ռուսական նվաճողականությունը: Մյուսները այս հարցը դիտարկում են որպես վտանգավոր քայլ դեպի սառը պատերազմ, եթե չասենք, Վիետնամական կոնֆլիկտի նման մի բանի կրկնություն Եվրոպայի կենտրոնում: Այս կապակցությամբ կցանկանայի իմանալ, թե որն է Հայաստանի կառավարության դիրքորոշումը: Եվ եթե թույլ տաք կուզենայի հարցնել: 90-ականներին քննարկումներ կային, և որոշակի քայլեր ձեռնարկվեցին Հայաստանի, Հունաստանի և Իրանի միջև ռազմավարական համագործակցություն ստեղծելու մասին, հետո այդ գաղափարը, կարծես թե, մոռացվեց: Չեք կարծում, որ հիմա կան պայմաններ, երբ կարելի է նոր ընթացք տալ այս նախաձեռնությանը:
-Նախ, պետք է ասեմ, որ և´ մեր կառավարության, և´ իմ անձնական դիրքորոշումն է, որ օր առաջ Ռուսաստանը ձերբազատվի այդ պատժամիջոցներից, օր առաջ Ուկրաինայում հանդարտություն տիրի և դա միայն մեզ բոլորիս օգտակար կլինի: Բայց մի ընդհանուր ճշմարտություն եմ ուզում ասել նաև, որ ցանկացած միջոց արդյունավետ է, երբ կարողանում ես գտնել ոսկե միջինը: Շատ ճնշումը կարող է կտրել, քիչ ճնշումը կարող է ազդեցություն չունենալ: Հենց այդ ոսկե միջինը մեզ համար պետք է լինիառաջնորդող սկզբունք: Ես ասում եմ դա ոչ թե որպես Ռուսաստանի դաշնակից, այլ մի պարզ մարդ, տրամաբանող մարդ: Պարզ է, որպես դաշնակից ես ցանկանում եմ որպեսզի, նորից եմ ասում, շատ կարճ ժամանակում այդ խնդիրները լուծվեն, այդ պատժամիջոցները վերանան, որովհետև նույնիսկ զուտ գաղափարական մասից, ինչպես ասացի, մենք նաև էական տնտեսական վնասներ ենք կրում:
Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան-Հունաստան դաշինքի կամ առանցքի ձևավորմանը, իրոք, եղել է այդպիսի գաղափար, ինքս անձամբ որոշ փուլերում մասնակցել եմ, բայց տարբեր հանգամանքներ, կապված Իրանի հետ միջազգային հանրության վերաբերմունքին, կապված Իրանի ատոմային ծրագրերի հետ, մյուս կողմից՝ Հունաստանի որոշակի քաղաքական փոփոխությունը, վերաբերմունքը իր հարևաններին, այդ գործընթացը դարձրեցին մի տեսակ երկրորդական և անհեռանկարային:
Ես կարծում եմ, որ ցանկացած առանցքներ, եթե ուղղված չեն որևէ կոնկրետ պետությունների դեմ, միշտ էլ օգտակար են, իսկ այդ` Իրան-Հայաստան-Հունաստան համագործակցությունը որևէ մեկի դեմ ուղղված չէր: Կարծում եմ, միգուցե որոշակի ժամանակ անց, եթե Իրանը և վեցնյակը կարողանան պայմանավորվել և այդ պատժամիջոցները վերանան, իսկ Հունաստանի նոր կառավարության դիրքորոշման մեջ ես տեսնեմ եմ որոշակի փոփոխություններ, ապա այդ խնդիրը նորից ավելի այժմեական դառնա:
Նախորդող հրապարակումներ՝
«Al-Hayat»-ի թղթակցի հարցը՝ նախագահին. Հայաստանն ինտենսիվ աշխատում է արաբական երկրների հետ
Թուրք լրագրողի հարցը նախագահին. Ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք համարել Թուրքիայի հետ հարաբերություններում(վիդեո)
Ռուս լրագրողի հարցը նախագահին. Հայաստանում տեսանելի չէ որևէ քաղաքական ուժ, որը փորձում է խաթարել հայ-ռուսական հարաբերությունները
Բելառուս լրագրողի հարցը նախագահին. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կնպաստի ապրանքաշրջանառության ցուցանիշի աճին (տեսանյութ)
Գերմանացի լրագրողի հարցը՝ նախագահին. Գերմանիայի հորդորը թուրքերին կլինի մի ժողովրդի հորդոր, որն այդ դժվար ճանապարհն անցել է
Իտալացի լրագրողի հարցը՝ Սերժ Սարգսյանին. Վերջին տարիներին հայ-իտալական տնտեսական համագործակցությունն ամրապնդվել է (տեսանյութ)
Ֆրանսիացի լրագրողի հարցը՝ նախագահին. ԵՏՄ-ին անդամակցնելու որոշումը կայացվել է ելնելով զուտ պրագմատիկ հաշվարկներից (տեսանյութ)
Ռուս լրագրողի հարցը՝ նախագահին. Հայկական բանակը մարտունակ է և պատրաստ է դիմակայելու ցանկացած ոտնձգության (տեսանյութ)