Բելառուս լրագրողի հարցը նախագահին. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կնպաստի ապրանքաշրջանառության ցուցանիշի աճին (տեսանյութ)
Մարտի 18-ից 20-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի շրջանակներում արտասահմանցի լրագրողները բազմաթիվ հարցեր են ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Panorama.am-ը ներկայացնում է բելառուսական «Բել» հեռուստառադիոընկերության հատուկ թղթակից Իլոնա Կրասուցկայայի հարցն ու նախագահ Սարգսյանի պատասխանն՝ ամբողջությամբ:
-Պարոն Նախագահ, արդեն 3 ամիս է՝ Հայաստանն ապրում է նոր ինտեգրացիոն կանոններով (ԵՏՄ): Ինչ վերաբերում է հայ-բելառուսական հարաբերություններին, հասկանալի է, որ քաղաքական հարթության վրա որևէ խնդիր չկա, հավասարություն է տիրում, ամեն ինչ կարգին է: Սակայն վերջին տարիներին ապրանքաշրջանառությունը կանգնած է նույն ցուցանիշի վրա՝ 40 մլն դոլար: Նույն Եվրասիական ինտեգրման շրջանակներում, Ձեր կարծիքով, ի՞նչ առաջընթաց քայլեր է հնարավոր իրականացնել, ինչ հնարավորություններ կան այդ ցուցանիշը առաջ մղելու համար:
-Ճիշտ եք ասում, առևտրաշրջանառությունը Բելառուսի հետ չի համապատասխանում մեր հնարավորություններին, առավել ևս՝ քաղաքական հարաբերությունների մակարդակին: Բայց եթե հետ գնանք 2-3 տարի, կտեսնենք, որ նախկինում, ընդհանրապես, գրեթե չենք ունեցել և այդ պրոբլեմը կապված է մեր երկրորդ խոշոր պրոբլեմի հետ: Ես արդեն ասացի, որ մեր տնտեսությունը ունի երկու խոշոր պրոբլեմ՝ մեկը շուկայի փոքրությունն է, երկրորդը՝ ենթակառուցվածքների թույլ զարգացվածությունը:
Գիտեք, դժվար է այսօր Հայաստանից ապրանք առաքել Բելառուս, կամ Բելառուսից ապրանք ստանալ: Նույնանման ապրանքները շատ ավելի հեշտ է ձեռք բերել հարևան պետություններից, պատճառը սա է: Բայց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով մեծ հնարավորություններ են բացվում ոչ միայն կոնկրետ Բելառուսի, այլև, ընդհանրապես, Եվրասիական տնտեսական միության երկրների հետ կապված, որովհետև ընդհանուր քաղաքականությունը տանելու է նրան, որ Եվրասիական տնտեսության անդամ երկրները փորձելու են ներմուծման փոխարինիչներ գտնել և այս պարագայում, իհարկե, նոր հնարավորություններ են բացվում: Այստեղ խնդիրը կայանում է հետևյալում՝ կարո՞ղ ենք մենք ինքներս կամ Եվրասիական տնտեսության անդամ երկրներից մի քանիսը, այնպիսի ջանքեր գործադրել, որ համարժեք փոխարինիչներ գտնենք, այլ ոչ թե անհամարժեք, ինչպես եղել է նախկինում: Եթե կարողանանք այս խնդիրը լուծել, ապա, ես կարծում եմ, մեր ապրանքաշրջանառությունը կլինի շատ մեծ, բայց մյուս կողմից էլ, ինչպես ասում են, մենք միայն հացիվ չենք կենդանի, մենք միայն ապրանքաշրջանառության համար չենք հարաբերություններ հաստատում:
Բելառուսի հետ մենք ունենք շատ երկար պատմություն: 15 հազար հայ է զոհվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բելառուսը պաշտպանելիս կամ ազատագրելիս: Մեզ համար Բելառուսն անչափ նվիրական, կարևոր երկիր է՝ նաև այդ առումով:
Նախորդող հրապարակումներ՝
Ռուս լրագրողի հարցը նախագահին. Հայաստանում տեսանելի չէ որևէ քաղաքական ուժ, որը փորձում է խաթարել հայ-ռուսական հարաբերությունները
Թուրք լրագրողի հարցը նախագահին. Ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք համարել Թուրքիայի հետ հարաբերություններում(վիդեո)
Գերմանացի լրագրողի հարցը՝ նախագահին. Գերմանիայի հորդորը թուրքերին կլինի մի ժողովրդի հորդոր, որն այդ դժվար ճանապարհն անցել է
Իտալացի լրագրողի հարցը՝ Սերժ Սարգսյանին. Վերջին տարիներին հայ-իտալական տնտեսական համագործակցությունն ամրապնդվել է (տեսանյութ)
Ֆրանսիացի լրագրողի հարցը՝ նախագահին. ԵՏՄ-ին անդամակցնելու որոշումը կայացվել է ելնելով զուտ պրագմատիկ հաշվարկներից (տեսանյութ)
Ռուս լրագրողի հարցը՝ նախագահին. Հայկական բանակը մարտունակ է և պատրաստ է դիմակայելու ցանկացած ոտնձգության (տեսանյութ)