Իրանական կառույցն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն են արել
Օրերս Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Իրանի կրոնների և մշակույթի կազմակերպության աստվածաբանական վեցերորդ նիստն է կայացել, որի ընթացքում ընդունվել է հայտարարություն:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Մկրտչյանն ասաց, որ հայտարարություն մեջ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հատուկ կետ կա, նշվում է, որ իրանական կազմակերպությունն ու կաթողիկոսարանը համատեղ դատապարտում են բոլոր ցեղասպանությունները, որոնք կատարվել են անհատների, մարդկանց, պետությունների կողմից:
«Հայտարարության մեջ դիվանագիտական նրբություն կա. իրանական կողմը Հայաստանի հետ ուղղակի չի կարող նման համատեղ հայտարարություն ստորագրել, քանի որ քաղաքական ենթատեքստ կունենա, և իր համապատասխան վերաբերմունքն է հայտնում կրոնական կազմակերպության միջոցով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Գնահատելի է»,- ասաց իրանագետը:
Կ. Մկրտչյանը նշեց, որ կրոնների և մշակույթի կազմակերպությունը պատահական կառույց չէ, ունի որոշակի ուղղվածություն և որոշակի քաղաքականություն է կատարում, երկրի հոգևոր առաջնորդի կողմից է առաջնորդվում, և քանի որ Իրանը կրոնապետություն է, կարելի է համարել այդ երկրի դիրքորոշումը:
«Իհարկե, խորհրդանական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչում չէ, բայց զուտ դիվանագիտական տեսանկյունից իսկապես կարևոր է: Գիտենք, որ Իրանը դիվանագիտական հմտություններ տիրապետող երկիր է և պարտադիր չէ շատ հարցեր ուղղակի ձևով դնել խորհրդարանում քննարկման: Կարևոր փաստաղթուղթ է, գուցե սրա հիման վրա հեռանկարում ծանրակշիռ փաստաթուղթ ակնկալել»,- ասաց իրանագետը:
Ասուլիսին ներկա ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը նույնպես կարևորեց այս հայտարարությունը:
«Կարևոր է նաև այն առումով, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ է ստորագրվել: Կաթողիկոսությունը վերջերս պահանջատիրական խնդիր է դրել՝ հետ պահաջնելով Սիսի կաթողիկոսարանը: Այսինքն կաթողիկոսությունը պատահական փաստաթուղթ չէր ստորագրի: Այս փաստաթուղթը կարելի է համարել Հայոց ցեղասպանության դատապարտման որոշակի քայլ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում