ՀՀ նախագահ. ԵԺԿ-ն արժանապատվորեն ապացուցեց համամարդկային արժեքներին և սկզբունքներին իր հավատարմությունը
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի եվրոպական օրակարգին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող՝ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, հայ ժողովրդի համար հատուկ խորհուրդ ունեցող 2015 թվականին, երբ աշխարհասփյուռ հայությունը հայրենիքում և նրա սահմաններից դուրս ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ կարևորելով ցեղասպանությունների լիարժեք միջազգային ճանաչումն ու դատապարտումը՝ որպես մարդկության դեմ գործած հանցագործության կանխարգելման միակ արդյունավետ միջոց: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է նաև ԵԺԿ-ի հետ Հայաստանի հանրապետական կուսակցության արդյունավետ փոխգործակցությանը:
Օգտվելով առիթից, Հանրապետության նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից 2015 թվականի մարտի 3-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի ընդունման կապակցությամբ, ընդգծելով, որ դրանով ԵԺԿ-ն արժանապատվորեն ապացուցեց համամարդկային արժեքներին և սկզբունքներին իր հավատարմությունը:
Հայաստանի Նախագահը կարևորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին գագաթնաժողովին ներկա հրավիրյալների մասնակցությունը, ընդգծելով որ մեր ժողովրդի համար դա եվրոպական արժեքների հաղթանակի, եվրոպական առաջադիմության խորհուրդ կպարունակի և կլինի «Այլևս երբեք» կարգախոսի ամենախոսուն մարմնավորումը: Այս համատեքստում Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլին՝ ապրիլի 24-ին Երևան այցելելու իր հրավերն ընդունելու և այդ օրը հայ ժողովրդի հետ Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու պատրաստակամության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին