Այդ ծրագիրը կքայքայի գյուղը. Հաղարծինի գյուղապետը դեմ է համայնքների խոշորացմանը
Հայաստանի մի քանի մարզերում համայնքների խոշորացման ծրագիրը նույն համայնքների բնակչության շրջանում միանշանակ չի ընդունվել, գյուղապետերը հիմնականում դեմ են ծրագրին: Այսօր կառավարության նիստում հայտարարվեց, որ մայիսի 17-ին Սյունիքի, Լոռու և Տավուշի մի շարք համայնքներ միավորելու նպատակով հանրաքվեներ կանցկացվեն:
Ըստ այդ ծրագրի, նախատեսվում է Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքները միավորելու նպատակով 2015 թվականի մայիսի 17-ին նշանակել տեղական հանրաքվե: Հանրաքվեի կդրվի հետևյալ հարցը՝ «Համաձայ՞ն եք, որպեսզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքները միավորվեն՝ Դիլիջան համայնք անվանմամբ, Դիլիջան համայնքի կենտրոնով»:
Հաղարծինի գյուղապետ Սարգիս Պողոսյանը դեմ է համայնքների խոշորացման ծրագրին և կարծում է, որ դա կքայքայի գյուղը:
«Մի քանի անգամ, եկել են, մարզպետարանում ներկայացրել ծրագիրը, բայց մեր բոլոր հարցերին չեն կարեցել պատասխանեն: Ոչ մի ձև չենք հասկանում`ի՞նչ նպատակ ունեն, ինչի՞ են խոշորացնում: Ոչ էլ իրանք են կարում բացատրեն, անորոշ վիճակ է, ո՞նց հավանենք էդ ծրագիրը», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարգիս Պողոսյանը:
Հաղարծինը 4300 բնակչություն ունեցող գյուղ է: Այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Գյուղապետի խոսքով, մարդիկ հիմնականում արտագնա աշխատանք ունեն. գնում են «խոպան», աշխատում, հետ գալիս:
Կառավարության նախաձեռնած համայնքների խոշորացման ծրագրին հանրաքվեով եթե բնակիչները կողմ եղան, Հաղարծինը կընդգրկվի Դիլիջան համայնքի մեջ:
«Եթե մի սիստեմ փոխվում ա, ուրեմն պետք է ընենց արվի, որ լավը լինի բնակչի համար: Բայց որ հարցնում ենք`ինչն ա լավ լինելու, ոչ մի պատասխան չկա: Ո՞նց են էս գյուղացոնց ծառայություն մատուցելու, չգիտեմ», -ասաց գյուղապետը:
Մեր հարցին, թե Հաղարծինի ղեկավարը դժգոհ է ծրագրին, որովհետև մտավախություն ունի, թե կզրկվի՞ պաշտոնից, Սարգիս Պողոսյանը պատասխանեց. «Չէ, հանդիպման ժամանակ իրանք էլ էդ հարցը տվին, ես ասեցի, որ չեմ առաջադրվելու հաջորդ ընտրություններում, ինձ համար մեկ ա: Բայց ես զգում եմ, որ սա շատ վատ բան ա գյուղերի համար: Գյուղերը քայքայվելու են»:
Նրա խոսքով, գյուղում ամեն ինչ՝ կուլտուրայի տուն, հիվանդանոց, մանկապարտեզ վերանորոգված է, ջրագծերը գցված են, իսկ խոշորացման հետևանքով գյուղի կարիքները հոգացող չի լինի, գյուղի մասին մտածող չի լինի, ներդրումներ չեն արվի:
Խոշորացման ծրագիրը, ըստ Հաղարծինի գյուղապետի, նպատակահարմար կլինի կիրառել Սյունիքի մարզի այն գյուղերում, որտեղ բնակչությունը քիչ է`20-30 մարդ:
«Այդ գյուղերում իրենց միջոցներով ոչինչ չեն կարողանում անել, թող դրանք խոշորացնեն»,-ասաց Պողոսյանը:
Գյուղապետը դժգոհություն առաջացրած ծրագրի դեմ պայքարի միջոց չունի, ոչ էլ գիտե` ինչ անել դրա դեմ:
«Մեր անելով չի: Ինչ պետք էր, արեցինք մարզպետարանում հանդիպման ժամանակ, տեսանք, որ հակառակ ռեակցիան ա, թողեցինք`ասինք`մեկ ա, մեզ ո՞վ ա լսելու որ: Ոնց որոշել են, ընենց էլ անելու են», -հավելեց Պողոսյանը:
Նրա կարծիքով, ծրագրի արդյունքում կառավարությունը փորձում է ֆինանսական միջոցներ տնտեսել:
«Դե հիմա ասենք`մի տասը հոգու կրճատեցին գյուղապետարաններից, դրանք էլ կգնան գործազուրկ կդառնան, առանց աշխատելու նպաստ կստանան, ի՞նչ տարբերություն: Էդ աշխատանքով են գոնե իրանց տները պահում», -հավելեց Պողոսյանը:
Ըստ կառավարության հաղորդագրության, տեղական հանրաքվեներ կանցկացվեն նաև Սյունիքի և Լոռու մի քանի համայնքներում: Սյունիքի մարզում առաջարվում է միավորել Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները՝ Տաթև համայնք անվանմամբ ու Շինուհայր համայնքի կենտրոնով, իսկ Լոռիում՝ Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքները՝ Թումանյան համայնք անվանմամբ, Թումանյան համայնքի կենտրոնով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան