
ՄԱԿ. ՄՔԴ-ը պետք է հետապնդի ԻԼԻՊ-ին ցեղասպանության կասկածով
ՄԱԿ մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները, հնարավոր է, ցեղասպանություն են կատարել Իրաքի եզդիական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես նաև իրագործել են մարդկության դեմ և պատերազմական հանցագործություններ` սպանելով խաղաղ բնակիչներին ու նույնիսկ երեխաներին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
ՄԱԿ-ի այս նոր զեկույցը հիմնված է ավելի քան 100 ականատեսների ու տուժածների հետ անցկացրած հարցազրույցների վրա: Փաստաթղթում ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արվում իրավիճակը ներկայացնել Միջազգային քրեական դատարանին` հանցագործներին հետապնդելու համար:
Զեկույցում նաև նշվում է, որ «պատերազմական հանցագործություններին» որոշ չափով մասնակից են նաև Իրաքի կառավարական ուժերը և միլիսները: