Անիի եկեղեցիների վերականգնողական աշխատանքներին մասնակցելու են նաև հայ մասնագետներ
Անիում գտնվող հայկական եկեղեցիների վերականգնողական աշխատանքներին մասնակցելու են նաև հայ մասնագետներ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԻԿՕՄՕՍ կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանը:
«ԻԿՕՄՕՍ Հայաստանը դեռ 2011 թվականին Փարիզում ընդունել էր տվել մի բանաձև, որ Անիի եկեղեցիների վերականգնողական աշխատանքներին մասնակցեն հայ մասնագետներ: Իր հանգուցալուծումը ստացավ, որոշվեց, որ պետք է ընդգրկվեն հայ մասնագետներ: Թուրքական կողմը մասնագետների խմբում ընդգրկեց ԻԿՕՄՕՍ-ի անդամ Ռուսաստանում բնակվող Արմեն Ղազարյանին: Մեզ չբավարարեց: Մեր դիմումների արդյունքը եղավ այն, որ Թուրքիայի մշակույթի նախարարությունը դիմեց մեր մշակույթի նախարարությանը, որ ներկայացնի մասնագետների ցանկ, ովքեր կմասնակցեն այս տարվա ընթացքում իրականացվող շինարարարական աշխատանքներին: Անիում եղանակային պայմաններից ելնելով, մեկուկես-երկու ամիս անց նոր կսկսվեն վերականգնողական աշխատանքները և այդ ժամանակ էլ կտեսնենք, թե մեր մասնագետներն ինչ չափով են մասնակցում աշխատանքներին»,- մանրամասնեց Գ. Գյուրջյանը:
Նա նշեց, որ եթե ժամանակին բողոքում էին վերականգնողական աշխատանքների վատ որակից, այժմ մոտեցումները փոխվել են, կա միջազգային հսկողություն և վերականգնողական աշխատանքները բավականին լուրջ հիմքերի վրա են, միջազգային նորմերին համապատասխանում են:
Ընդհանրապես, ըստ Գ. Գյուրջյանի, Թուրքիան իր տարածքում գտնվող մշակութային ժառանգության նկատմամբ սկսել է ուշադրություն դարձնել՝ այդպես նպաստելով իր երկրում զբոսաշրջության զարգացմանը. «Թուրքիայում մշակութային ժառանգությունը մեծապես օգտագործում եմ տուրիզմի համար»:
Գ.Գյուրջյանը նշեց, որ եթե նախկինում ավելի շատ հունական եկեղեցիների վրա էին ուշադրություն դարձնում, որոնք ավելի լավ վիճակում էին գտնվում, այժմ որոշ չափով փոխել են իրենց վերաբերմունքը և հետևում են նաև հայկական եկեղեցիներին, որոնք ավելի վատ վիճակում են գտնվում:
Թուրքիայի տարածքում գտնվող ամենավտանգված հայկական հուշարձանը, ըստ Գ. Գյուրջյանի, Մրենի 7-րդ դարով թվագրվող հուշարձանախումբն է:
«Միջազգային մասնագետների խումբ էին կազմել, ուսումնասիրել էին հուշարձանը և ներառել առավել վտանգված հուշարձանների ցանկում»,- նշեց նա:
Գ. Գյուրջյանի խոսքով, եթե երկու տարի առաջ Թուրքիայի կողմից կազմված ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացնելու նախնական ցուցակում ընդգրկված է եղել 35 հուշարձան, նախորդ տարվա ցուցակում ընդգրկվել է 52 հուշարձան, այդ թվում նաև ուրարտական ժամանակաշրջանի 4-5 հուշարձան. «Այդկերպ նրանք ցույց են տալիս, որ հանդուրժողական վերաբերմունք ունեն բոլոր տեսակի ժառանգությունների նկատմամբ՝ բարձրացնելով իրենց իմիջը միջազգային ասպարեզում»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան