Մեկնարկել է ամենամյա «Այբ» ուսուցչական համաժողովը
Այսօր մեկնարկել է «Այբ» ուսուցչական երկօրյա համաժողովը, որի նպատակն է յուրաքանչյուր տարի վերհանել ու քննարկել կրթությանը վերաբերող արդիական հարցերը: «Այբ» կրթական հիմնադրամից հայտնում են, որ համաժողովի գլխավոր հարցադրումն է եղել. «Ինչպես անել, որ բոլոր աշակերտներին, անկախ իրենց ընտանիքից և շրջապատից, դաստիարակված մարդ դառնալու հավասար հնարավորություններ ընձեռենք»:
Համաժողովն ուղղված է մի կողմից աջակցելու դպրոցների առաջխաղացմանը, մյուս կողմից՝ ուսուցիչներին զարգանալու հնարավորություն ընձեռելու:
Համաժողովին մասնակցել են ավելի քան 120 ուսուցիչ, ադմինիստրատիվ աշխատակից և դպրոցների ղեկավար, ում անմիջական աշխատանքն է սերմանել արժեքներ և ազդել վարքագծի ձևավորման վրա:
Ուսուցիչներին հանդիպելու են նաև տարբեր ոլորտներում հաջողակ ղեկավարներ և գործարարներ, ովքեր հանձինս իրենց աշխատակիցների, ըստ էության, դպրոցական դաստիարակության սպառողներից մեկն են և մեծ ցանկություն ունեն հաղորդակից դարձնելու դպրոցի ուսուցիչներից իրենց ակնկալիքներին:
«Պետք է սովորենք ցանկացած երեխայի համար պայքարել, փորձել այնպիսի համակարգ ունենալ դպրոցում, որի շնորհիվ ամենաթույլ աշակերտը ևս առաջխաղացում կունենա: Պետք է սկսենք ուսուցչի աշխատանքը գնահատել ոչ թե ամենափայլուն աշակերտներով, այլ ամենավատ աշակերտի առաջխաղացումով»,- բացման խոսքում նշել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:
Համաժողովի գլխավոր հարցադրումներից է նաև այն, թե արդյո՞ք ուսուցչի գործն է նաև դաստիարակելը, և թե ինչպիսի մասնագիտական և բարոյական հմտություններ պետք է ունենա աշակերտի դաստիարակության համար պատասխանատու ուսուցիչը:
«Այբ» դպրոցի ռուսաց լեզվի ավագ ուսուցչուհի Գայանե Մարկոսյանի համոզմամբ՝ դպրոցն է կայացնում անձին, և եթե այն դրան չի ծառայում, հետզհետե դպրոցի կարիքը կվերանա, քանզի գիտելիք հայթայթելու շատ այլ հնարավորություններ գոյություն ունեն:
«Հաշվի առնելով հազարամյակների մարտահրավերները և տեղեկատվության ահռելի պաշարները, որ թափվում են աշխարհի տարբեր ծայրերից, պետք է այնպիսի մարդ ձևավորել, ով, նախ, ինքնապաշտպանական բնազդ կունենա և պատրաստ կլինի դիմակայելու այդ մարտահրավերներին»,- հավելել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, «Այբ» դպրոցի պարի ուսուցիչ Գագիկ Գինոսյանը:
«Այբ» ուսուցչական համաժողովը այս անգամ ևս անցկացվել է միայն «Այբ» հիմնադրամի կողմից ղեկավարվող դպրոցների ուսուցիչների և աշխատակիցների համար: Համաժողովի միջոցով հիմնադրամը նպատակ ունի կրթական ոլորտի արդի խնդիրները բերել հետաքրքիր և հարստացնող քննարկումների դաշտ, որտեղ տարակարծություններն օգնում են ստանալ խնդրի խորության և ծավալայնության իրական պատկերը:
Այս համաժողովի նպատակներից է նաև նախապատրաստվել աշնանը ծրագրված ավելի մեծ համաժողովին, որը բաց կլինի նաև կրթական այլ հաստատությունների ու կազմակերպությունների համար և կկազմակերպվի Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա