Օդերևութաբանական կանխատեսումները՝ ձեռագիր քարտեզներից մինչև գերճշգրիտ տեխնոլոգիաներ (տեսանյութ)
Հայաստանի տարածքում այսօր գործում է 47 օդերևութաբանական կայան: Երեք ժամը մեկ պարբերականությամբ կայանները ստացիոնար դիտարկումներ են կատարում օդերևութաբանական գրեթե բոլոր պարամետրերի վերաբերյալ՝ ջերմաստիճան, մթնոլորտային ճնշում, տեղումների քանակ, ամպամածություն և այլն: Այնուհետև կատարված դիտարկումների արդյունքները կայաններից հաղորդվում են Հիդրոմետ ծառայություն: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Panorama.am-ի հետ զրույցում ներկայացրեց կանխատեսումների ողջ ընթացը, ինչպես են այսօր որոշում, թե ինչպիսի եղանակ է սպասվում այսօր, վաղը կամ հինգ օր անց և ինչպես է դա արվել մինչև ժամանակակից տեխնոլոգիաների ի հայտ գալն ու զարգանալը:
Պարզվում է, նախկինում կանխատեսումներ արվել է ձեռագիր քարտեզներով, իսկ կանխատեսող քարտեզներ առհասարակ չեն եղել: Միայն 1-2 օրվա կտրվածքով են եղել կանխատեսումները:
Ներկա պահին ՀՀ-ում 1-2 օրվա կանխատեսումների ճշգրտության աստիճանը հասնում է 90-95 տոկոսի, իսկ մինչև 5 օրվա՝ 85-90 տոկոսի: Ձեռագիր քարտեզների դեպքում կանխատեսումների ճշգտության աստիճանը տատանվում էր 60-70 տոկոսի սահմաններում:
Գ. Սուրենյանն ասում է, որ սխալներ միշտ կարող են լինել ու կլինի, քանի որ գործ ունեն բնության հետ. «Հավատացեք, ամենաբարդ գիտություներից մեկն է, գործ ունենք ֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի, աշխարհագրության բոլոր օրենքների հետ»:
Ներկա պահին այս գիտությունը գտնվում է զարգացման պիկի վրա: Երկրագնդի խոշոր պետությունները մեծ ներդրումներ են անում բարձրակարգ կանխատեսումներ ապահովելու համար:
Գ. Սուրենյանի խոսքով, Հայաստանի կառավարությունն իր հնարավորությունների չափով նույնպես ներդրումներ անում է. «Մենք առանձնապես չենք զիջում մեր կանխատեսումների որակով եվրոպական, ամերիկյան կանխատեսումներին»:
Իսկ թե ինչպես են կատարվում կանխատեսումները՝ տեսանյութում: