Անհրաժեշտ է հրաժարվել հռչակագրային բնույթի որոշումներից. վարչապետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14-րդ նիստին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետը ողջունել է միավորված խորհուրդի՝ 2015 թ. առաջին նիստի անցկացումը Երևանում, ինչը վկայում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությունն ակտիվացնելու ջանքերի մասին:
«Մաքսային ծառայությունների միավորված խորհուրդի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք կնպաստեն մեր երկրների առևտրատնտեսական ներուժի առավելագույն օգտագործմանը, մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցմանը և պարզեցմանը, մաքսանենգության դեմ պայքարի, ստվերային ու կեղծված արտադրանքից ներքին շուկայի պաշտպանության համաձայնեցված միջոցառումների կազմակերպմանը: Միավորված խորհուրդի միջոցով է կարգավորվում նաև մաքսային իրավախախտումների հայտնաբերման համաձայնեցված օպերատիվ միջոցառումների և համատեղ գործողությունների անցկացման մեխանիզմը»,-նշել է կառավարության ղեկավարը:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ նիստում քննարկվելու է հարցերի լայն շրջանակ, և կարևոր է կենտրոնանալ միջգերատեսչական մակարդակով գործնական որոշումների ընդունման վրա:
«Անհրաժեշտ է հրաժարվել հռչակագրային բնույթի որոշումներից ու հայտարարություններից և ձեռնարկել գործնական քայլեր՝ մաքսային ոլորտում առկա պայմանագրային բազայի իրագործման և այդ նպատակով համապատասխան արդյունավետ մեխանիզմների ձևավորման համար», - ընդգծել է Հայաստանի վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների գործունեության առաջնահերթությունները պետք է լինեն մաքսային հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարը, մաքսային արժեքի որոշման, ռիսկերի կառավարման և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցերը:
Ամփոփելով խոսքը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՄՄ անդամ երկրների մաքսային կառույցների պատվիրակություններին մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք: