Ջոն Քերին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի մոր մահվան առթիվ իր ցավակցությունն է հայտնել
Իրանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ այսօր առավոտյան 90 տարեկան հասակում վախճանվել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի մայրը՝ Սաքինե Փեյվանդին:
«BBC» լրատվական գործակալության իրանական ծառայության հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Շվեյցարիայի Լոզան քաղաքում, որտեղ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային խնդրի շուրջ բանակցություններ են ընթանում, հանդիպել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի եղբորը՝ Հոսեյն Ֆերեյդունին (ԻԻՀ նախագահի հատուկ օգնականն է) և իր ցավակցությունները հայտնել նրանց մոր մահվան առթիվ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Մունիզը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը:
Իրանի նախագահի եղբայրը, որը ևս ընդգրկված էր իրանական պատվիրակության կազմում, Շվեյցարիայից վերադարձել է Թեհրան: