Սիրիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը
Սիրիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին «Հալեպահայեր» ֆեյսբուքյան խմբում գրել է Ռոբերտ Սուլահյանը:
«Սուրիական խորհրդարանը պաշտօնապէս կը ճանչնայ Հայկական Ցեղասպանութիւնը եւ աշխարհի բոլոր երկիրներէն կը պահանջէ նոյն քայլը առնել որպէսզի նման աղէտներ չկրկնուին: Մենք որպէս Սուրիահայեր շնորհակալութիւն կը յայտնենք մեր պետութեան օրէնսդիր մարմնին իր առած այս պատմական յոյժ կարեւոր քայլին համար: Մեր շնորհակալութիւնը նաեւ կ'երթայ մեր սիրելի եւ քաջ համայնքապետերուն, որոնք հետապնդեցին այս ճանաչման գործընթացը»,-գրել է օգտատերը:
Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվեցին և կազմակերպվեցին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվեցին քեմալական կառավարության կողմից:
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Այստեղ ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած կազմակերպությունների համառոտ ցանկը: