Zaman. Ապրիլի 24-ն արդեն հեռու չէ, փախչելու տեղ չի մնացել, աշխարհը հիշելու է Հայոց ցեղասպանությունը
Թուրքիայի իշխանությունների հետ առճակատման մեջ գտնվող գյուլենական ուժերի համակիր «Zaman» օրաթերթում սկանդալային հոդված էր հրապարակվել: Zaman-ում սյունակ վարող Հոլանդիայի «Կանաչների ձախ» կուսակցությունից Եվրախորհրդարանի անդամ, ԵԽ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Թուրքիա-ԵՄ խորհրդարանական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ջուսթ Լագենդիյքի «Պահարանի կմախքը» հոդվածը, ըստ Ermenihaber.am լրատվականի դժգոհություն է առաջացրել իշխանամետ շրջանակներում:
Մասնավորապես թուրքական «Yeniakit» լրատվականը Zaman-ը հիմա էլ սկսել է հայկական ստերը պաշտպանել» վերնագրով լուրի մեջ անդրադարձել է վերոնշյալին:
Ըստ «Yeniakit»-ի՝ Հայոց ցեղասպանության դեմ իր դիքորոշմամբ հայտնի «Zaman» պարբերականի կողմից հայանպաստ հոդվածի հրապարակման միակ նպատակը «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) իշխանությունը ջլատելն է:
Լագենդիյքն իր հոդվածը սկսում է հետևյալ նախադասությամբ. «Ապրիլի 24-ն արդեն հեռու չէ, փախչելու տեղ չի մնացել: Այդ օրը աշխարհի բոլոր ծայրերում մարդիկ հիշելու են Հայոց ցեղասպանությունը»: «Yeniakit»-ի դիտարկմամբ՝ նման բան գրելու հանդգնություն անգամ հայկական թերթերը չէին ունենա, իսկ Թուրքիայում հրապարակվող թերթում այդպիսի տողեր տեսնելն արդեն չափից դուրս է: Կայքը Լագենդիյքի հոդվածը բնութագրում է որպես «հակաթուրքական» և «սկանդալային»:
«Իր հոդվածում 14 անգամ ցեղասպանություն բառը օգտագործած Zaman-ի սյունակագիր Լագենդիյքը առաջ է քաշել այն պնդումը, թե «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավարությունը նպատակ ունի Չանաքքալեի (Դարդանել, Գալիպոլի) հերոսամարտի հարյուրամյա տարեդարձով քողարկելու «Հայոց ցեղասպանությունը», - գրում է կայքը:
«Yeniakit»-ը նաև դժգոհություն է հայտնում այն կապակցությամբ, որ Չանաքքալեի 100 ամյակի օրը (մարտի 18) առանց որևէ արգելքի հրապարակված Լագենդիյքի հոդվածը դեռ շարունակում է մնալ «Zaman» թերթի կայքում:
Նախորդիվ`
Թուրքական Zaman. Գալիպոլի միջոցառումները արդյունավետ չեն և վարկաբեկելու են Թուրքիային