Սուր շնչառական վարակներով հիվանդացությունը գերազանցել է համաճարակային շեմը
Հանրապետությունում անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է շնչառական վարակների և գրիպով հիվանդացության դեպքերի կտրուկ աճ: ՀՀ առողջապաության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները վկայում են, որ սուր շնչառական վարակներով հիվանդացությունը գերազանցել է համաճարակային շեմը շուրջ մեկ ու կես անգամ: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը:
«Գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակի բռնկումը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և առաջարկությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հանրակրթական հաստատություններում գարնանային արձակուրդները երկարաձգվեցին»,- ասել է Լիանա Թորոսյանը:
Նրա խոսքով` վերլուծությունները ցույց են տալիս, որ դեպքերի գրեթե 80 տոկոսը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրանցվել է 5800 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5600 դեպքի դիմաց: Ներկայումս ստացիոնար պայմաններում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 570 հիվանդ: 160-ի մոտ արձանագրվել է թոքաբորբ, որոնցից 120-ը մանկահասակ երեխաներ են: Թոքաբորբը զարգացել է ուշացած դեպքերում: Այս տարի սուր շնչառական վարակներով պայմանավորված մահվան դեպքեր չկան:
«Սա էր պատճառը, որ ահազանգը հիմք ընդունելով, ինչպես նաև վերլուծելով տարածաշրջանի համաճարակային իրավիճակը առաջարկվեց երկարաձգել գարնանային արձակուրդները»,- ընդգծել է բանախոսը:
Գրիպի ու դրա բարդություններից խուսափելու համար` ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բնակչությանը խուսափել հիվանդների հետ շփումից, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, հրավիրել տեղամասային բժիշկին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և ամենակարևորը` չզբաղվել ինքնաբուժմամբ:
Կարևոր է պահպանել նաև եղանակին համապատասխան հագնվելու, հազի և փռշտալու վարվելակարգը, ինչպես նաև անհրաժեշտ է հնարավորինս շատ հեղուկներ օգտագործել և փակ տարածքները հաճախակի օդափոխել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները