Պետք է ստեղծել այնպիսի պոեզիա, որը լինի ազգային, ունենա միավորիչ, համախմբող դեր. գրականագետ
«Ժամանակակից պոեզիան իր ձևերով, կառուցվածքով ու բովանդակությամբ հեշտ ընկալելի չէ, պահանջում է իմացություն, կարդացվածության որոշակի պաշար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:
Ըստ նրա, պոեզիան գնալով պահանջում է ինչ-որ չափով պատրաստված ընթերցող:
«Պետք է կարդալ, իմանալ: Այսօրվա մեր հիմնական խնդիրն ընթերցանության պակասն է ու գրողներին չճանաչելը»,-նշեց Գրողների միության նախագահը:
Այսօր Պոեզիայի համաշխարհային օրն է: 1999 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր համագումարում որոշվեց ամեն տարի մարտի 21-ին նշել Պոեզիայի համաշխարհային օրը (World Poetry Day)։ Առաջինն այն նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի շտաբ-բնակարանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ ասվում է. «Պոեզիան կարող է պատասխան լինել ներկայիս մարդու սուր և խորը հոգևոր հարցերին: Բայց դրա համար հարկավոր է հրավիրել ավելի լայն հասարակական մասսաների ուշադրությունը»:
Panorama.am-ի հետ զրույցում գրականագետ Վարդան Դևրիկյանը կարևորեց, որ գրական կյանքում առաջընթաց կա:
«Ստեղծագործելիս հաշվի են առնվում ժամանակը, ռիթմը, մտածողությունը: Այսօր դասական շունչը պահող, ժամանակակից մտածողություն ունեցող բանաստեղծներ ունենք: Հրապարակի վրա է ավելի ավագ սերունդը: Երբեմն կարդում եմ ավելի երիտասարդ ստեղծագործողների բանաստեղծություններ, թվում է՝ բանաստեղծություն չէ, ոչ մի դասական օրենքներ չեն պահում, բանաստեղծության շնորհք չկա: Ամեն դեպքում մաղթում եմ, որ մեր կյանքում բանաստեղծությունն իշխի, ասում են, որ ամեն հայ ու պարսիկ ինչ-որ տեղ բանասստեղծ են: Արևելքը բանաստեղծական մթնոլորտի, միջավայրի արտահայտություն է»,- ասաց գրականագետը:
Ըստ նրա, պոեզիան միավորող, մնայուն արժեք է ու պետք է ստեղծել այնպիսի բանաստեղծություններ, որոնք լինեն ազգային, ունենան միավորիչ, համախմբող դեր:
«Այսօր ասում են, որ բանաստեղծության հասարակական, ազգային նշանակությունն ինչ-որ տեղ հնացած արժեք է, բայց ամեն դեպքում մեր ժողովուրդը, քանի դեռ այս դժվարին իրավիճակում է գտնվում՝ արտաքին սպառնալիքներ, ներքին կյանք, կարծում եմ՝ ամեն դեպքում այն բանաստեղծությունը մեզ մոտ ընդունելի կլինի, որն արտահատի ոչ թե տվյալ ստեղծագործողի ընկալումները, այլ ժողովրդի հավաքական զգացումները»,- ասաց Վ. Դևրիկյանը:
Պատասխանելով հարցին, թե այսօր մեր բանաստեղծները գրո՞ւմ են նման ստեղծագործություններ, գրականագետն ասաց. «Զարմանալի բան եմ նկատել, այն ձևով, ինչ որ Կապուտիկյանը, Շիրազը, նրանցից առաջ Թումանյանը, Իսահակյանն էին գրում, նրանք ազգային, հասարակական տագնապներով ապրող բանաստեղծներ էին, այսօր քիչ են: Այդ զգացողությունը երգի մեջ կա, չափածոյի դեպքում, զարմանալի է, չկա: Ամեն դեպքում մարդն ազատ է, ինչ ուզում է, կարող է գրել, իսկ ժամանակն ամենամեծ դատավորն է»:
Նախորդող հրապարակում՝
«Հայաստանում այսօր գրում են նրանք, ովքեր իսկապես գրող են». Հուսիկ Արա