Նախագահը Պարույր Սևակի առանձատանը հյուրընկալվել է մեծանուն գրողի ժառանգներին
Արարատի մարզ այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այցելել է նաև Զանգակատուն համայնքում գտնվող Պարյուր Սևակի տուն-թանգարան: Մշակույթի ոլորտի պատասխանատուների հետ Սերժ Սարգսյանն այցելել է տուն-թանգարանի նորակառույց մասնաշենք, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին, թանգարանի նոր պայմաններին և դիտել նորացված էքսպոզիցիան, Սևակի ժողովածուների նոր հրատարակումների ցուցահանդեսը:
Դեռևս 2013թ. հունվարի 24-ին՝ Պարույր Սևակի 89-ամյակի օրը, Նախագահ Սերժ Սարգսյանի Զանգակատուն կատարած այցելության ընթացքում տուն-թանգարանի տնօրինությունը և համայնքը դիմել էին Նախագահին՝ տուն-թանգարանին կից մասնաշենքի կառուցման հարցով: Նախագահի հանձնարարությամբ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամն ուսումնասիրել է խնդիրը և տվել առաջարկություն: Հիմնադրամի ծրագրով իրականացվել են կցակառույցի նախագծման և շինարարական աշխատանքները: Շին. աշխատանքները մեկնարկել են 2014թ. դեկտեմբերի 19-ին, ավարտվել՝ 2015թ. մարտին: Մասնաշենքն ունի զանգակատան տեսք, այն ներառում է տուն-թանգարանի վարչական մասը, գրապահոցը՝ համատեղված ընդունելությունների սրահի հետ:
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ժամանակակից արվեստների միության կողմից Սևակի տուն-թանգարանում կազմակերպված միջոցառումներին:
Հանրապետության Նախագահը ծաղիկներ է դրել Պարյուր Սևակի շիրիմին, որից հետո Սևակի առանձատանը հյուրընկալվել է մեծանուն գրողի ժառանգներին: