Թևան Պողոսյան. հայկական բանակն ապացուցել է, որ առաջին գծի տերն է
Հայկական բանակն իր ֆունկցիան փայլուն կատարում է, պետք է վստահել հայ զինվորիներին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Առաջին տարին չէ, որ մեր բանակն ապացուցում է, որ պրոֆեսիոնալ է: Փայլուն կատարում են իրենց աշխատանքը, ապացուցում են, որ չեն զիջում միլիոններ ծախսված, Թուրքիայում վերապատրաստում անցած ադրբեջանական հատուկ ջոկատայիններին: 1994 թվականից մինչ օրս հայկական բանակն ապացուցել է, որ առաջին գծի տերն է»,-նշեց նա:
Թ. Պողոսյանի խոսքով, պետք է ժամանակի ընթացքում կատարելագործել տեխնիկան և այնպիսի միջոցներ գտնել, որ առաջին գծում որևէ մեկը չկանգնի:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք մարտի 19-ի Ադրբեջանի ձեռնարկած դիվերցիոն փորձերը կարելի է կապել «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի շրջականերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության հետ՝ ի պատասխան ռուս լրագրողի հարցին, Թ. Պողոսյանն ասաց, որ ադրբեջանական ակտիվացումը պետք չէ կապել որևէ հայտարարության հետ: Նա հիշեցրեց այս տարվա սկզբին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, որ այս տարին ծանր է լինելու, հակառակորդն ակտիվանալու է` տարբեր խնդիրներից ելնելով:
Պատգամավորի խոսքով, ինչքան մոտենա ապրիլի 24-ը, Ադրբեջանն ավելի է ակտիվանալու. «Ադրբեջանն իր եղբայր Թուրքիային փորձում է ինչ-որ ծառայություն մատուցել՝ ստեղծելով մի իրավիճակ, որ միգուցե միջազգային հյուրերը Հայաստան չգան, մտածեն, որ տարածաշրջանում վիճակը վատ է»: