«Կարենի հետ նկարահանման հրապարակում աշխատած մարդկանց համար նա կմնա որպես հսկայական տաղանդի տեր, բացսիրտ, անկեղծ, լուսավոր մարդ»
««Կարեն Ջանիբեկյան» Վիքիպեդիայի էջում կինոֆիլմերի թվագրությունն ավարտվում է 2013-ով: Մինչդեռ Կարեն Ջանիբեկյանի անունը կա «Պարալլելս Ֆիլմ» կինոընկերության 2013-2016թթ. բոլոր երեք ֆիլմերում:
«Փասիանի Որսորդը»` 2013, «Կիսալուսնի Ծովածոցը»` 2014, ֆիլմերում Կարեն Ջանիբեկյանը Սոս Ջանիբեկյանի հետ խաղում են հայր և որդի, որ միասին աշխատեցնում են իրենց ընտանեկան բենզալցակայանը: «Լուսավոր Շրջան»՝ 2016, ֆիլմում Ջանիբեկյանը պետք է խաղար հերոսի հոր դերը: Ցավոք, «Լուսավոր Շրջանի» տիտրերում Կարեն Ջանիբեկյանի անունը կգրվի շրջանակի մեջ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, «Պարալլելս ֆիլմ» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը:
«Կինոյի դերասանները ունեն բացառիկ արտոնություն` նրանք մնում են մարդկանց սրտերում, հիշողության մեջ այնպիսին, ինչպիսին էկրանին են: Մեզ` Կարենի հետ նկարահանման հրապարակում աշխատած մարդկանց համար, Ջանիբեկյանը կմնա որպես հսկայական տաղանդի տեր, բացսիրտ, անկեղծ ու լուսավոր մարդ:
«Պարալլելս Ֆիլմի» ողջ անձնակազմը ցավակցում է Սոս Ջանիբեկյանին, մեծ Դերասանի ընտանիքին, կոլեգաներին, բոլորիս` Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ:
«Պարալլելս Ֆիլմը» կանի առավելագույնը, որպեսզի Կարեն Ջանիբեկյանի վերջին ֆիլմերի մասին տեղեկությունը թարմացվի, իսկ ֆիլմերը հասնեն հեռուստադիտողին»,- գրառման շարունակության մեջ նշել է Հ. Գալստյանը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին, երկարատև հիվանդությունից հետո 77 տարեկանում, կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը:
Լուսանկարները՝ Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից:
Նախորդող հրապարակումներ՝
Կարեն Ջանիբեկյանին կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը