Միասնական արժույթի անցնելը բարդ գործընթաց է, որին պետք է տարիներ սպասել. տնտեսագետ
Պուտինի վերջին հայտարարությունը, որ ԵՏՄ տարածքում ստեղծվելու է միասնական արժութային համակարգ, կարծես կայծակ լիներ կապույտ երկնքում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
«Ես սկզբունքորեն կողմ եմ եղել ԵՄ-ի հետ համագործակցությանը: Հայաստանը որևէ կերպ պատրաստ չէր սրան, գիտեմ, որ կային քաղաքական պատճառներ: Մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը Դոնեցկի մարզի տարածքի չափ տարածք ունեցող պետություն է, ուստի` տնտեսական փոքր համակարգեր ունեցող երկրների դեպքում դրանք պետք է միանան, խոշորանան»,- նշեց Բ. Ասատրյանը:
Տնտեսագետը նկատեց՝ եթե ստեղծվում է տնտեսական միասնական համակարգ, պետք է լինի նաև միասնական արժութային համակարգ:
Հանդիպմանը Ռուսաստանից տեսակամուրջով միացած տնտեսագետ Ալեքսանդր Կնոբելի խոսքով` ԵՏՄ-ն միանշանակ տնտեսական կառույց է:
ՌԴ Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագենի խոսքերով էլ, միասնական արժույթի անցնելու ցանկությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամից դուրս գալու միտում ունի. «Դեռևս Պուտինից առաջ Նազարբաևն էր առաջ քաշել միասնական արժույթի անցնելու ցանկության մասին գաղափարը: Նա շեշտել էր, որ աշխարհը ճգնաժամի մեջ է: Այդ ճգնաժամի մեջ միայն Ռուսաստանը չէ, այլ ամբողջ աշխարհը: Ուստի` պետք են մեթոդներ այդ ճգնաժամից դուրս գալու համար»:
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ նշեց, որ վաղուց էր խոսվում միասնական արժույթի մասին, սակայն սա մի բարդ գործընթաց է, որին պետք է տարիներ սպասել. «Միասնական արժույթի անցումը իրականում միջոց է փոփոխությունների համար»: