Ցեղասպանությունը հերքելու համար քրեական հետապնդում նախատեսող մոտեցումը ապագա չունի. Մարուքյան
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը լավ առիթ է արձանագրելու, դատապարտելու մինչ օրս տեղի ունեցած ցեղասպանությունները: Այդ մասին այսօր Ազգային ժողովում 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ցեղասպանությունը մարդու իրավունքների զանգվածային խախտման տեսակ է և ամենաճչացող օրինակն է: Ցավոք, ցեղասպանությունները կանխարգելելուն ուղղված քայլեր չեն արվում և 21-րդ դարում էլ աշխարհում ցեղասպանություններ տեղի են ունենում», -հայտարարեց Մարուքյանը:
Հայաստանի Ազգային ժողովի պատմության մեջ վատ երևույթները դատապարտող հայտարարություններ են ընդունվում և ոչ թե օրենքներ:
«Մենք չունենք խորհրդարանական մշակույթ, որ ընդունենք օրենք, որը կապված է ցեղասպանության ճանաչման կամ դատապարտման հետ: Դատապարտող հայտարարությունները մեր խորհրդարանում ավելի ծանրակշիռ դեր ունեն, քան այդ բնույթի օրենքները», -հավելեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է ցեղասպանության հերքման համար քրեական հետապնդման ենթարկելուն, ապա Մարուքյանն ասաց, որ ինքը կողմ չէ դրան, քանի որ դա մարդու իրավունքների խախտում է:
«Եվրոպական տարածքի այն երկրներում, որոնցում ցեղասպանությունը հերքելու համար քրեական հետապնդում է նախատեսվում, շուտով իմ կարծիքով, այդ մոտեցումը կվերանա, որովհետև կարծիքը մնալու է կարծիք», -նշեց պատգամավորը:
Նախորդող հրապարակումներ՝
Քրդերի նկատմամբ Թուրքիայում ցեղասպանություն չի կատարվել. Գուրգեն Արսենյան
«Կոմպրոմիսային փաստաթուղթ». Հայաստանի խորհրդարանը պատրաստ է ընդունել հույների ու ասորիների ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները