Մեծ պահք. «Համոզված ենք, որ վերադասի կամ որևէ պաշտոնյայի փոխարեն մենք առավել լավ կղեկավարեինք»
Մեծ պահքի 36-րդ օրն է:
«Ընթերցվածք` Դան. 7.2-27, Ա Կորնթ. 12.1-7
Մինչ մենք քայլ առ քայլ մոտենում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սբ Հարության տոնին, սուրբգրային ընթերցումները ամրացնում են նախանձախնդրությունը մեր հավատի հանդեպ, զգուշավորությունը մեր կենսակերպի ճշմարիտ կազմակերպման հարցում և ժրաջանությունը մեզ վստահված տնտեսության արդար կառավարման համար:
Այսօրվա առաքելական թուղթը հրավիրում է մտորելու մեզ տրվող հոգևոր շնորհների մասին: Այն պատահական չէ, որովհետև այդ շնորհների ճիշտ կամ սխալ գործադրությունն է, որ դարձնում է մեր կյանքը` լավ կամ վատ: Ի՞նչ է շնորհը: Հոգևոր շնորհը այն է, որ տրվում է մարդուն Աստծու կողմից Սուրբ Հոգով:
Մենք` քրիստոնյաներս, կազմում ենք Քրիստոսի մարմինը` Եկեղեցին, որի միջոցով Աստված գործում է: Եվ մենք, որպես այդ մարմնի անդամներ, օժտվում ենք Տիրոջ կողմից տարբեր շնորհներով, որ պետք է գործադրենք ի փառս Աստծու: Սակայն աստվածատուր շնորհներով ու կարողություններով հաճախ պարծենում ենք, փորձում ենք մեզ մեր կողքիններից վեր դասել: Եվ այս դեպքում է, որ Աստված առաքյալի շուրթերով ամենքիս խաղաղեցնում է` հուշելով, որ բոլորս, ովքեր Քրիստոսին Տեր ենք դավանում, Իր համար կարևոր ենք և բոլորիս շնորհները մաս են կազմում ընդհանուր մի առաքելության: «Թեև կան շնորհների զանազանություններ, բայց պարգևող Հոգին նույնն է: Թեև կան զանազան պաշտոններ, բայց բոլորն էլ Տիրոջն են ծառայում: Թեև կան գործելու զանազան կարողություններ, բայց նույնն է Աստված, որ գործում է ամեն բան ամենքի մեջ» (Ա Կորնթ. 12.6): Սա շատ էական պարագա է մեզ համար: Խոստովանենք, որ հանրային կյանքում գրեթե բոլորս անխտիր նույն խոհերն ունենք: Համոզված ենք, որ վերադասի կամ որևէ արտոնյալի ու պաշտոնյայի փոխարեն մենք, անշուշտ, ավելին կանեինք ու առավել լավ կղեկավարեինք: Սակայն առաքյալը մեզ հիշեցնում է, որ հոգևոր մեր կյանքում, քրիստոնեական մեր ապրումի մեջ մենք մի նպատակի և միևնույն Տիրոջն ենք ծառայում:
Ընթերցվածքում մի հետաքրքիր հանգամանք է շեշտվում, ինչը վերը ասվածի լույսի ներքո մեզ տալիս է խաղաղության և երջանկության մեր բանալին: «Բայց յուրաքանչյուրին տրված է Հոգու հայտնություն` յուրաքանչյուրի օգուտի համար» (Ա Կորնթ. 12.7):
Հիրավի, մեզ շնորհները տրվում են նախևառաջ մեր օգուտի համար, տրվում են տեսակ-տեսակ և այն չափով, որ կարողանանք դրանք խոհեմությամբ գործածել, ճիշտ ծառայեցնել և անգիտությամբ չմոլորվենք:
Հետևաբար, իբրև քրիստոնյաներ քննենք մեր անձերը, գիտակցենք մեր առաքելությունն իբրև Քրիստոսի մարմնի` Եկեղեցու մի մասնիկ, ապրենք` մեկս մյուսին զորավիգ լինելով: Տեսնենք Աստծու շնորհով տրված մեզ պարգևները և ծառայեցնենք դրանք միմիայն Աստծու փառքի և Եկեղեցու շինության համար»,- ֆեյսբուքյան իր էջում օրվա խորհրդի մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մուտքի հիշատակության օրն է
Մեծ պահք. «Վա՜յ նրան, որ իր հորը կասի, թե` ինչո՞ւ ծնեցիր ինձ, և մորը, թե` ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ»
«Հարության հույսով գոտեպնդված`դարերի ընթացքում իրեն բաժին ընկած փորձությունները հաղթականորեն վերապրել է նաև հայ ժողովուրդը»
Մեծ պահք. «Աներկյուղ ապրենք մեր կյանքը»
Մեծ պահք. «Մեր ժողովուրդը կատարել է իր պատմական ընտրությունը»
Մեծ պահք. «... մեր գործերում և ձգտումներում նմանվենք մանուկներին»
Մեծ Պահքի խորհրդանշական շղթայի Անիրավ դատավորի կիրակին
Սեբաստիայում նահատակված քառասուն սբ մանուկների հիշատակության օրն է
«Մեծ պահքի այս օրը մեզ համար մասնավոր հրավեր է մարդկային անարդարությունից դեպի Աստծու արդարություն»
Մեծ պահք. «...հիշենք նաև մեր կողքին գտնվողներին»
Մեծ պահք. Միջինք
Մեծ պահք. «... գալու է պատասխան տալու ժամանակը»
Մեծ պահք. «Իսկ ի՞նչ է մեզանից յուրաքանչյուրն այս կյանքում բաղձում, եթե ոչ` պաշտպանություն և ապահովություն»
Մեծ պահքի խորհրդանշական շղթայի Տնտեսի կիրակին
Մեծ պահք. «Այսօր այդպիսի տեսանելի և աներույթ, մարմնավոր և անմարմին գողեր և ավազակներ վխտում են մեր հասարակության մեջ»
Մեծ պահք. «Ցավոք, մեր հասարակության մեջ այս ամենն առավել կամ նվազ չափով առկա է»
Մեծ պահք. «Իբրև քրիստոսադրոշմ ժողովուրդ, լինենք մեկ մարմին` պահելով հոգու միությունը խաղաղության կապով»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները