Փարիզի գրքի տոնավաճառին Հայաստանը ներկայանում է 200 անուն գրքով
Մարտի 20-23-ը անցկացվում է Փարիզի գրքի ավանդական տոնավաճառը։ Հայաստանի Հանրապետությունն այս հեղինակավոր միջազգային հարթակին մասնակցում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: Հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Հայկական տաղավարում ներկայացված է Հայաստանում պետական պատվերով և մասնավոր հրատարակչությունների տպագրած շուրջ 200 անուն գիրք: Գեղարվեստական, պատմական, արվեստաբանական, գիտահանրամատչելի գրականությունն այստեղ ներկայացված է հայերենով, անգլերենով, ֆրանսերենով: Առանձին բաժին է հատկացված Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերին, որտեղ ներկայացված են այդ թեմայով վերջին տարիներին տպագրված բազմաթիվ արժեքավոր գրքեր: Հայաստանյան հրատարակությունների կողքին ցուցադրված է նաև ֆրանսահայ հրատարակիչների և գրողների ֆրանսերենով տպագրված գրականությունը։
Տոնավաճառի օրերին հեղինակների մասնակցությամբ անցկացվել են գրքերի շնորհանդեսներ: Մասնավորապես, ներկայացվել են Հրանտ Նորշենի «Հայկական հետքեր Ֆրանսիայում» հանրամատչելի ձեռնարկը, Ալեքսանդր Սիրանոսյանի «Տիգրանի մետամորֆոզները» երկհատորյակը, Արա Գրիգորյանի «Քրիստափոր Միքայելյանը և թուրք սուլթանը» պատմագրությունը, Հարություն Խաչատուրյանի «Խաչքարերի արվեստը» արվեստաբանական վերլուծությունը և այլն։ Փարիզի գրքի տոնավաճառի ավարտին՝ հայկական տաղավարի բազմազան ու հարուստ ծրագրի բարձրակետն ու ամփոփումն էր «Մտավորականության դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում» խորագրով կլոր սեղանը, որին մասնակցում էին հայ և ֆրանսիացի մտավորականները, մասնավորապես՝ պատմաբաններ Ռայմոնդ-Հարություն Գևորգյանը, Միքայել Նիշանյանը, Իվ Տերնոնը, հոգեվերլուծաբան Ժանին Ալթունյանը, լրագրող Կայծ Մինասյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ու ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը: