Քվեարկություն առանց ՀՀԿ-ի. Գյումրիի ողբերգության վերաբերյալ Փոստանջյանի հայտարարությունը չընդունվեց
Այսօր Ազգային ժողովի քառօրյա նիստերի մեկնարկին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հայտարարության նախագիծը՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ կատարված ողբերգության վերաբերյալ, քվեարկությամբ հետաձգվեց մեկ տարով. 42 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը չընդգրկվեց նիստերի օրակարգ:
Ազգային ժողովում բոլոր խմբակցությունները միաձայն կողմ էին նախագծին: Հայտարարության նախագծի քվեարկությանը չմասնակցեց միայն Հանրապետական խմբակցությունը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը մինչև քվեարկությունը հայտարարեց, որ անհասկանալի է գործադիրի վարքագիծը այս հարցում և կոչ արեց «երկչոտություն» չցուցաբերել ու կողմ քվեարկել նախագծին:
«Եկեք համարձակ լինենք, կողմ քվեարկենք», -ասաց նա:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ թեպետ հայտարարության տեքստը որոշ տարընթերցումների տեղիք է տալիս, բայց դա չի խանգարում ընդունել այն, իսկ թերությունները ժամանակի ընթացքում կարելի է հարթել:
«Սա քաղաքական ուղերձ է մեր ռուս գործընկերներին, այն մասին, որ այս հարցը կարևոր է ու մեծ հնչեղություն ունի Հայաստանում, և ՀՀ ԱԺ-ն չի կարող անմասն մնալ դրանից», -հայտարարեց Արզումանյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ նկատեց, որ ՀԱԿ-ը կողմ կքվեարկի հայտարարությունը օրակարգում ներառելու համար, քանի որ այն լայն կոնտեքստի մեջ պետք է քննարկվի:
Հայտարարության նախագծին կողմ էին նաև «Օրինաց երկիր», Դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ կատարված ողբերգության վերաբերյալ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը դեռ մարտի 20-ի նիստում չէր ընդունվել. կողմ էին քվեարկել 4 պատգամավոր, իսկ հինգ հանրապետական պատգամավոր էլ ձեռնպահ էին:
Հայտարարության նախագծի տեքստում նշվում էր. «...Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝ հետամուտ է լինելու եղեռնագործության բացահայտմանը, ակնկալում է հանուն արդարության, օրինականության վերականգնման և հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության՝ Ռուսաստանի Դաշնությունից ողջամիտ որոշում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինական պահանջը բավարարելու համար առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին անհապաղ փոխանցել Հայաստանի Հանրապետության իշխանություններին»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում