ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Green House» ջերմոցային համալիրի կառուցումը
ՎՏԲ-Հայաստան Բանկը Ամերիաբանկի հետ համատեղ ֆինանսավորել է «Green House» ժամանակակից էներգախնայող ջերմոցային համալիրի կառուցումը, որի բացումը տեղի ունեցավ մարտի 21-ին ՀՀ Արարատի մարզի Շահումյան գյուղում: Այս մասին հայտնում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հանդիսավոր արարարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները, Իտալիայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարը, ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, երկրի բիզնես շրջանակների ներկայացուցիչներ:
Green House-ը Հայաստանի խոշորագույն ջերմոցային համալիրներից է, որն ունի 30 հա տարածք: Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցներում բողկի արտադրություն է իրագործվելու: Նախագծի իրականացմանը նպաստում են մեղմ կլիմայական պայմանները, ձմռանը բանջարեղենի աճեցման հնարավորությունը` առանց թանկարժեք սարքավորումների օգնությամբ արհեստական լուսավորման: Ընկերությունը պլանավորում է ապահովել արտադրանքով հայկական շուկան և արտադրանքի մեծ ծավալ արտահանել Ռուսաստանի Դաշնություն:
Ջերմոցային տնտեսության շահագործման արդյունքում Շահումյան գյուղում, ինչպես նաև Արարատի մարզի այլ գյուղերում բացվել են նոր աշխատատեղեր: Այս պահին արտադրական գործընթացում ներառված է ավելի քան 70 մարդ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևն ասել է. «Հայաստանը գրավիչ ներդրումային հարթակ է գյուղարդյունաբերական նախագծերի իրականացման համար, քանի որ գոյություն ունեն կառավարության նախաձեռնած ծրագրեր, որոնք մասնավորապես ազատում են սարքավորումների ու ջերմոցային կոնստրուկցիաների ներկրման մաքսատուրքից: Համալիրի բացումը կնպաստի ոչ միայն երկրի ջերմոցային ոլորտի զարգացմանը, այլ նաև շրջանի բնակչության զբաղվածությանը: ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորման լավ փորձ, և մենք հուսով ենք, որ նմանատիպ նախագծեր այսուհետ նույնպես շատ կլինեն»: