Հանրապետության լավագույն երաժիշտներից Զավեն Վարդանյանը 70 տարեկան է
«Հանրապետության լավագույն երաժիշտներից Զավեն Վարդանյանը, որի տասնամյակներ շարունակ ղեկավարած կամերային նվագախումբը իրավամբ նվաճել էր արժանի հեղինակություն, անուրանալի ներդրում ունի երկրի երաժշտական կյանքի զարգացման գործում։ Զավեն Վարդանյանի դիրիժորական արվեստին հատուկ են ոճական նրբագեղությունը, նյութի մեկնաբանման ավարտման ընդգրկումը, բացառիկ երաժշտականն ու անսամբլային կուռ ներդաշնակությունը»,- այսպես է բնութագրել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Զավեն Վարդանյանին հայ օպերային երգիչ Տիգրան Լևոնյանը:
Այս տարի լրացավ տաղանդավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բազմաթիվ յուրահատուկ երաժշտական փառատոների հիմնադիր, իրականացնող և իր ուրույն մեկնաբանությունների շնորհիվ երաժտասեր հասարակայնության կողմից սիրված Զավեն Վարդանյանի 70-ամյակը: Հոբելյանի առթիվ մարտ 29-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Մենակատարների պետական անսամբլի միասնական համերգը: Կհնչեն Շուբերտի Սիմֆոնիա No. 4 C minor «Ողբերգական», Երիտասարդ միանձնուհին (Die junge Nonne), Գրետխենը ճախարակի մոտ (Gretchen am Spinnrade) և Մենդելսոնի Սիմֆոնիա No. 4 A «Իտալական» ստեղծագործությունները: Համերգը կղեկավարի Զավեն Վարդանյանը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են Հայաստանի պետական կամերային նվագախմբի մամուլի ծառայությունից:
Դիրիժոր Զավեն Վարդանյանը ծնվել է 1945-ի հունվարի 15-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում: 1947-ին ընտանիքի հետ հայրենադարձվել է: 1975-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետը: Դիրիժորի կարիերան սկսվել է 1975-ին, երբ հիմնել է Ժամանակակից երաժշտության անսամբլը, որը ղեկավարել է մինչև 1979-ը: 1979-90թթ.. հիմնել և դարձել է Երևանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, այնուհետ՝ 1992-1994թթ..՝ Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, 1994-1998թթ.Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր: 2003-07թթ. Էկվադորի կառավարության հրավերով աշխատել է տեղի համալսարանում և ղեկավարել այդ երկրի բոլոր 4 սիմֆոնիկ նվագախմբերը: Պարգևատրվել է մի բազմաթիվ մեդալներով, պարգևներով: 2009թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: 2008-ից հիմնել և առ այսօր ղեկավարում է Մենակատարների պետական անսամբլը: