Ադրբեջանական լրատվական գործակալությունը խեղաթյուրել է Շվեդիայի ԱԳՆ արձագանքն Արցախում կայանալիք ընտրությունների մասին
Ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական անգամ դիմել են կեղծարարությունների` խեղաթյուրելով օտարերկրյա պետական կառույցների` Արցախյան թեմատիկային վերաբերող հայտարարությունները` փորձելով այդ կերպ միջազգային հանրության` ադրբեջանական կողմի դիրքորոշումը սատարելու իմիտացիա ստեղծել:
Այս անգամ էլ ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը խեղաթյուրել է Շվեդիայի ԱԳՆ-ի` իր իսկ հարցմանն ուղղված պատասխանն Արցախում սույն թվականի մայիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ:
Ընդ որում, գործակալության ռուսալեզու բաժնում հրապարակված նյութի բովանդակությունը կեղծված է, ընտրությունները բնութագրված են` որպես «ոչ լեգիտիմ», այնուհանդերձ, նույն լուրի անգլերեն տարբերակում թողնված է Շվեդիայի ԱԳՆ-ի իրական արձագանքը, որտեղ տվյալ ձևակերպումը բացակայում է:
Ադրբեջանական կողմի հարցմանն ի պատասխան` Շվեդիայի ԱԳՆ-ն ընդամենը կոչ է արել Արցախյան հակամարտության կողմերին կրկնապատկել ջանքերը բանակցությունների միջոցով հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ` միաժամանակ շեշտելով, թե Շվեդիան իր հերթին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ու համանախագահների ջանքերին այդ գործընթացում: Այնուհետև Շվեդիայի արտաքին գերատեսչությունը հերթական անգամ հիշեցրել է ԵՄ-ի` 2010-ին ու 2012-ին ԼՂՀ-ում ընտրությունների վերաբերյալ նախկինում հնչեցրած հայտարարությունների մասին, որտեղ էլ նշված է, որ տվյալ ընտրությունները չպետք է խոչընդոտեն հակամարտության խաղաղ լուծմանը: