«Երբ հնչում է Կոմիտաս, ամբողջ դահլիճը պայթում է, խելագարվում են». Դաշնակահարուհի (լուսանկարներ)
«Անկեղծ լինենք՝ հասարակությունը բավական քիչ է տեղեկացված Կոմիտաս վարդապետի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ: Մինչդեռ նա այն ազգային մեծ արժեքն է, որ պետք է մատաղ սերդին անընդհատ հիշեցնել, որ ունեցել ենք նման հանճար, որի շնորհիվ այսօր ունենք ազգային երգ»,- Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում «Կոմիտասի երկնային լույսով» խորագրով համերգից առաջ լրագրողներին ասաց հայագետ, կինոգետ և պատմաբան Արծվի Բախչինյանը:
Միաժամանակ նա նշեց, որ եթե ճանաչում են Կոմիտասին, ապա միակողմանի. «Նրան ճանաչում են որպես տառապյալ, տխուր մարդու, բայց իրականում նրա մասին հուշերը, ժամանակակիցների վկայությունները, նրա նամակներն այլ տպավորություն են թողնում: Նա եղել է կենսուրախ, նաև չարաճճի»:
Ա. Բախչինյանի խոսքով, այդ բացը կարող է լրացնել նաև «Կոմիտասի երկնային լույսով» խորագրով ծրագիրը:
«Նրա երգերը՝ լցված լույսով, տասնամյակներ խորքից գալիս և հասնում են մեզ»,- նկատեց համերգի բանախոս Ա. Բախչինյանը:
Միջոցառմանը մասնակցում էին Գայանե Գրիգորյանը (սոպրանո), Աննա Մայիլյանը (մեցոսոպրանո), Համասփյուռ Մանուկյանը (դաշնամուր):
Համասփյուռ Մանուկյանն ասաց, որ դեռ 2001 թվականից է նման ծրագրով հանդես գալու մտահղացում ունեցել: Նա հայտնեց, որ ելույթ են ունեցել (տարբեր կազմերով) Դումբայում, Հունաստանում և այլ երկրներում: «Աննկարագրել է, թե ինչպես է հանդիատեսն ընդունում Կոմիտասի ստեղծագործությունները, որոնք այդքան հայկական լինելով, կարծես ազգային պատկանելիություն չունեն, միայն հայ ազգի սեփականությունը չէ: Խելագարվում են, երբ որ Կոմիտաս է, ամբողջ դահլիճը պայթում է: Նույնիսկ ճապոնացիները ցնցվեցին: Կոմիտասի ստեղծագործությունները ֆենոմենալ ազդեցություն ունեն, անհասկանալի հատկություն, որը վարդապետից անցնում է բոլորին»,- նշեց դաշնակահարուհին:
Նա հայտնեց, որ առաջիկայում ծրագրի շրջանակում ելույթ են ունենալու նաև Ղարաբաղում: