Էլեկտրաէներգիան, հնարավոր է, թանկանա. ՀՑԸ առաջիկա ամսում հայտ է ներկայացնելու. «Հայկական ժամանակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը առաջիկա մեկ ամսվա ընթացքում դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով:
«Հայտնի չէ որքան կառաջարկի բարձրացնել սակագինը ՀԷՑ-ը, բայց ՀԾԿՀ-ն, ամենայն հավանականությամբ, էլէներգիան կթանկացնի 5-7 դրամով: Դրա հետևանքով ներկայում գործող սակագինը (ցերեկայինը) 42 դրամից կդառնա 47-49 դրամ: Այսպիսով էլէներգիան Հայաստանում կթանկանա շուրջ 15-16 տոկոսով: էլէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է նրանով, որ մեր էներգետիկ ողջ համակարգում ստեղծվել է ծայրահեղ իրավիճակ: Ամբողջ համակարգը մինչև կոկորդը թաղված է պարտքերի մեջ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ այս տարվա սկզբին հրապարակած տվյալների համաձայն, էներգետիկ համակարգի պարտքերը արդեն 600 միլիոն դոլարի են հասնում»,-գրում է թերթը։