Թուրքմենստանի մշակույթի օրեր՝ Հայաստանում
Հայ-թուրքմենական մշակութային համագործակցության շրջանակներում և երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` մարտի 24-31-ը Հայաստանում կանցկացվի Թուրքմենստանի մշակույթի օրեր: Ծրագրի շրջանակում Հայաստան կժամանի Թուրքմենստանի մշակույթի և արվեստի գործիչների պատվիրակությունը, որը կգլխավորի Թուրքմենստանի մշակույթի նախարարի տեղակալ Բախարգուլ Աբդիևան: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:
Ստեղծագործական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են Թուրքմեն-ստանի ժողովրդական և վաստակավոր արտիստներ, «Լյալե» վոկալ համույթը, «Շիրին Օվազլար» երաժշտական խումբը, «Սերպայ» ազգագրական անսամբլը, համերգներով հանդես կգան Երևանում, Գյումրիում և Վանաձորում:
Մշակույթի օրերի շրջանակում Հովհաննես Շարամբեյանի ան¬վան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի նաև դեկորատիվ-կիրառական արվեստի և թանգարանային առարկաների ցուցահանդես:
Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 25-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մարտի 26-ին Թուրքմենստանի ստեղծագործական պատվիրակությունը ելույթով հանդես կգա Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, իսկ մարտի 28-ին` Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Թուրքմենստանի մշակույթի օրերի շրջանակում կներկայացվի նաև Արգավանդ գյուղում գտնվող թուրքմենական դամբարանի վերականգնման աշխատանքների նախագիծը:
Նշենք նաև, որ այդ օրերին կկայանա Թուրքմենստանին նվիրված մանկական նկարների ցուցահանդես-մրցույթը: Ծրագիրն իրականացրել է ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանությունը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մարտի 29-ին, ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Թուրքմենստանի մշակույթի օրերի փակման ժամանակ: