Վթարված օդանավի մոտ մեկ օր առաջ տեխնիկական խնդիր է եղել
Ֆրանսիայի տարածքում վթարի ենթարկված գերմանական Germanwings ընկերությանը պատկանող օդանավը նախկինում տեխնիկական խնդիրներ է ունեցել: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով գերմանական Spigel Online-ին:
Պարբերականի տվյալներով, վթարից մեկ օր առաջ օդանավը գտնվել է Դյուսելդորֆի օդանավակայանում, այստեղ խնդիրներ են հայտնաբերվել օդանավի քթի հատվածում, որոշ ժամանակ է պահանջվել խնդիրը վերացնելու համար, ինչից հետո այն շահագործման թույլտվություն է ստացել:
Բարսելոնից Դյուսելդորֆ թռչող Airbus А-320 օդանավը վթարի է ենթարկվել Ֆրանսիայի հարավում երեկ առավոտյան: Օդանավում եղել է 150 մարդ, բոլորն էլ զոհվել են: Ըստ տեղեկությունների, օդանավում եղել է Գերմանիայի 67, Իսպանիայի՝ 45, Թուրքիայի մեկ քաղաքացի:
Վթարի վայրում փրկարարները գտել են սև արկղերից մեկը, որտեղ ձայնագրված է անձնակազմի խոսակցությունը: