Դավիթ Հարությունյան. Գազի, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտեր ներկայացված չեն
Հայաստանի կառավարությունը հնարավոր բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի գազի սակագնի փոփոխություն տեղի չունենա, այնուամենայնիվ սակագնի փոփոխության վրա ազդում են բազմաթիվ գործոններ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին, թե արդյո՞ք գազի սակագնի թանկացում լինելու է:
Նա նշեց, որ սակագնի գինը որոշվում է արտարժույթով, հետևաբար եթե լինի դրամի տատանումներ, այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն կլինի:
«Առ այս պահը բազմաթիվ ջանքերի շնորհիվ ոչ միայն գազի սակագնի բարձրացում չի եղել, նման որոշում չկա, այլ նաև հայտ ներկայացված չէ»,- ասաց Դ. Հարությունյանը՝ հավելելով, որ սակագինը փոխում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ համապատասխան ընկերության կողմից ներկայացված հայտի հիման վրա:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ասաց, որ թանկացման հայտ ներկայացված չէ: Նա կրկին նշեց, որ ինչպես գազի, այնպես էլ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության վրա ազդում են մի շարք գործոններ:
«Եթե ունենում ենք ջրառատ տարի, բնականաբար, հաջողվում է արտադրել համեմատաբար էժան էլեկտրաէներգիա, սակագինը պահել ստանդարտ մակարդակի վրա, իսկ եթե լինում է երաշտ, հնարավոր չէ արտադրել էժան էլեկտրաէներգիա: Այս դեպքում շահագործվում են ջերմակայանները, որոնց արտադրած էլեկտրաէներգիան ավելի թանկ է լինում»,- ասաց Դ. Հարությունյանը: